Բաժիններ՝

Օմբուդսմենի խորհրդականն արձագանքել է «Թեղուտ» ՓԲԸ-ին

«Թեղուտ» ՓԲԸին արձագանքում է Շրջակա միջավայրի պահպանության հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանը

Մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. Տարեկան զեկույցի ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն արձանագրելիս նշվել է նաև, որ դեռևս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը, ինչի վերաբերյալ առկա են եղել բազում ահազանգեր բնապահպանների կողմից: Ելնելով Թեղուտ ՓԲԸ-ի արձագանքից` կարծում ենք ճիշտ կերպով չի հասկացվել արձանագրված թերության էությունը, հետևաբար հարկ ենք համարում ավելի մանրամասն ներկայացնել խնդրի էությունը:

Այսպես, բնապահպանների կողմից բազմիցս բարձրացվել է այն խնդիրը, որ 2006թ. Թեղուտ ՓԲԸ-ին գործունեության թույլտվություն տրամադրվել է օրենսդրության մի շարք խախտումներով, ինչն էլ 2011թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշնևում տեղի ունեցած Օրհուսի կոնվենցիայի գերագույն մարմնի` Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների հանդիպման ժամանակ հաստատել է նաև Կոնվենցիայի Համապատասխանության Կոմիտեն: Թիվ ACCC/C/2009/43 հաղորդման առնչությամբ Կոմիտեն արձանագրել է, որ Թեղուտի հանքի շահագործման լիցենզիա ստանալու ընթացքում թույլ են տրվել կոնվենցիայի, այսինքն` Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս կազմող օրենքի խախտումներ: Անհրաժեշտ ենք համարում առանձնահատուկ կերպով շեշտել նաև, որ Կոնվենցիայի Կողմերի որոշումը ունի բարձր իրավաբանական ուժ և պարտադիր է կատարման պետության կողմից: Կոնվենցիայի Կողմերի հանդիպման ժամանակ հաստատվել է Համապատասխանության կոմիտեի եզրակացությունն այն մասին, որ Հայաստանը ձախողել է Կոնվենցիայի իրականացումը:

Ավելին, Թեղուտի պաշտպանության կոմիտեն Պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ ներկայումս հանքավայրի շահագործումն իրականացվում է նոր՝ 2010 թվականին մշակված նախագծով, որը փորձաքննության չի ենթարկվել, ինչի կապակցությամբ բնապահպանության նախարարությանը պահանջ է ներկայացրել ստուգումներ իրականացնել Թեղուտի հանքավայրում, սակայն մինչ օրս Բնապահպանության նախարարությունից որևէ պատասխան չի ստացվել:

Այսպիսով, Պաշտպանի զեկույցում նշված խախտումները, համաձայն որի` մինչ օրս լուծում չի ստացել «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը, վերաբերում է նախ` 2006թ. Կազմակերպությանը լիցենզիայի տրամադրման գործընթացում առկա խախտումներին, ինչպես նաև գործունեությունը նոր` չլիցենզավորված ծրագրով իրականացնելուն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս