Սոցիալական ապահովության բաժնի պետը Նիվայով բախվել է տնօրենի «Նիսսան Մաքսիմա»-ին. կա վիրավոր
Երեկ՝ մարտի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Վայքի «Բուժմիավորում» ԲԲԸ-ից ահազանգ է ստացվել Ոստիկանության Վայքի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 21 շենքի բնակիչ 34-ամյա Սուսաննա Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչ, 49-ամյա Սամվել Միրզոյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 16 ՍՏ 592 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոմայրուղու 158.5 կմ հատվածում ավտոմեքենան շրջադարձի ժամանակ դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Կապան քաղաքի՝ Նժդեհի 2-րդ նրբանցքի բնակիչ 54-ամյա Ռազմիկ Փարսյանի վարած «Նիսսան Մաքսիմա» մակնիշի 80 ՕՕ 055 համարանիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Ս. Սարգսյանը նշված վթարի հետևանքով է ստացել մարմական վնասվածքները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ս. Միրզոյանը աշխատում է ԼՂՀ Ասկերանի շրջանի Սոցիալական ապահովության բաժնի պետ, իսկ Ռ Փարսյանը՝ Կապան քաղաքում գործող «Նորք Շին» ՍՊԸ-ի տնօրեն: