«Երևան-Վան» ավիաչվերթի բացումը ոչ թե պետական, այլ՝ մասնավոր նախաձեռնություն է. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Երևան-Վան» ավիաչվերթի բացումը ոչ թե պետական, այլ՝ մասնավոր նախաձեռնություն է:
Նա ընդգծել է, որ Թուրքիան «յուրաքանչյուր հարցում աջակցում» է Ադրբեջանին. «Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է բոլորին: Չկա որևէ հիմք՝ կասկածելու համար մեր երկրի դիրքորոշման անփոփոխելիության մասին:
Կրկնում եմ, որ այդ նախաձեռնության հեղինակը մասնավոր ընկերությունն է, որը որևէ կապ չունի պետական դիրքորոշման հետ: Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություններն այնքան ամուր են, որ ինչ-որ ավիաչվերթի բացումը չի կարող վնասել դրանք»:
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի հունիսի վերջին ադրբեջանական «Զերկալո» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳՆ-ի մի բարձրաստիճան ներկայացուցիչ հայտարարել էր, որ թուրքական ընկերություններից մեկը, ընդ որում՝ բարձր տեխնոլոգիական, մասնակցում է Ստեփանակերտի օդանավակայանը սարքավորումներով ապահովելու գործընթացին՝ միաժամանակ հրաժարվելով հայտնել թուրքական այդ ընկերության անունը.
«Թուրքական ընկերության համար շահավետ է նոր շուկայի յուրացումը։ Իսկ հայերն իրենց օգուտն ունեն. թուրքական բարձր տեխնոլոգիական սարքավորումները շատ ավելի էժան են, քան եվրոպականները։ Սակայն հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է նայում պետությունը։
Ձևականորեն կառավարությունը կարող է հայտարարել, որ դա մասնավոր ընկերություն է։
Բայց մի՞թե դա այդպես է։ Հավանաբար, դուք հիշում եք, որ վարչապետ Էրդողանը նախընտրական կամպանիայի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ուղիղ եթերով և բաց տեքստով սպառնաց մի հայտնի ձեռնարկատիրոջ, որը, իբրև թե իր աջակցությունն էր հայտնել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ)։
Այդ դեպքում խոսքը Թուրքիայի ներքաղաքական գործընթացների մասին էր։ Սակայն եթե բանը հասնում է արտաքին քաղաքական շահերին, ընդ որում` ազգային անվտանգության հետ կապ ունեցողներին, թուրքական յուրաքանչյուր ընկերություն հաշվի է առնում իր կառավարության դիրքորոշումը։
Այսինքն՝ եթե Թուրքիայի կառավարությունն աչք է փակում Ստեփանակերտի օդանավակայանին թուրքական բարձր տեխնոլոգիական սարքավորումների առաքման վրա, ընդ որում՝ դա արվում է երրորդ երկրի միջոցով, ապա դա նշանակում է, որ դա համապատասխանում է նրա արտաքին քաղաքական կուրսին»։