Ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարությունն անհրաժեշտ վերաբերմունք չի ցուցաբերում Րաֆֆի Հովհաննիսյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակի հետ կապված ԶԼՄ-ների մտահոգությանը:

«Որոշ լրատվամիջոցներ հետաքրքրվում են, թե ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարությունն անհրաժեշտ վերաբերմունք չի ցուցաբերում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ։

Տեղեկացնում ենք, որ հացադուլի առաջին իսկ օրվանից բժիշկներն օրը երկու անգամ մոտենում են Ժառանգություն կուսակցության ղեկավարին. առավոտյան` թիվ 4 պոլիկլինիկայի (որտեղ պարոն Հովհաննիսյանը հաշվառված է) բժիշկները, իսկ երեկոյան ժամերին` հերթապահող շտապօգնության բրիգադի մասնագետները։

Մինչև այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց, անգամ` զարկերակային ճնշման չափման ամենապարզ հետազոտությունից։ Նա պատճառաբանում է, որ իրեն լավ է զգում և որ անհրաժեշտության դեպքում ինքը կհրավիրի բժիշկներին։

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, քանի որ այն հետագայում կարող է լուրջ հետևանքներ թողնել նրա առողջության վրա։

Միաժամանակ հայտնում ենք, որ նա այսուհետև ևս կգտնվի մասնագետների ուշադրության կենտրոնում և անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի մասնագիտական օգնություն»,- ասված է հայտարարությունում։

Տեսանյութեր

Լրահոս