«ՀԱԿ-ը քանդողները բարոյական իրավունք չունեն խոսելու»
«Ինչ կարող եմ ասել, իրենք են որոշել, ոնց ուզում են թող մասնակցեն, ի՞նչ վերաբերմունք ես կարող եմ արտահայտել»,- այսպես է մեկնաբանել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը Երևանի ավագանու ընտրություններին առանձին ցուցակով է մասնակցելու:
Galatv.am-ի այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ը, որպես կուսակցություն, դեռևս ձևավորված չէ, նշանակում է՝ Լևոն Զուրաբյանը նկատի է ունեցել ՀԱԿ դաշինքը, Պետրոս Մակեյանը պատասխանել է. «ՀԱԿ դաշինքը վաղուց գոյություն չունի, ՀԱԿ դաշինքի մասին խոսելն ավելորդ է, կարծում եմ, որ իրենց, այսպես ասած, նոր ձևավորված կուսակցության մասին է նշել»:
Հարցին, թե հայտարարությունից առաջ խորհրդակցե՞լ են արդյոք Ձեզ հետ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավարն ասել է. «Մենք իրենց հետ որևէ առնչություն չունենք, որևէ կապ չունենք, որ խորհրդակցեն, խորհրդակցելու որևէ առիթ չունեն: ՀԱԿ-ը քանդել են, հիմա ՀԱԿ-ի մաս կազմող քաղաքական ուժերի հետ բարոյական իրավունք չունեն խորհրդակցելու»:
Պետրոս Մակեյանը նշել է, որ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով կգլխավորի ՀԱԿ համամասնական ցուցակը ավագանու ընտրություններին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ընդդիմության՝ միասնական թեկնածուով հանդես գալու անհրաժեշտություն կա՞ արդյոք, և այն հնարավոր համարո՞ւմ է, Պետրոս Մակեյանը տվել է հետևյալ պատասխանը. «Մեր կուսակցության մարտի 15-ի քաղաքական խորհրդի նիստում որոշվել է, որ ընդդիմությունը հստակ մեսիջ տա հասարակությանը, միասնական ճակատով հանդես գա՝ մյուս կողմում թողնելով Հանրապետականին՝ իր կցորդներով: Հիմա եթե ընդդիմությունը իր մեջ այդքան ուժ չի գտնում ու չի կարողանալու խնդիրը նման տարբերակով լուծել, հետևաբար պրոբլեմը պետք է փնտրել ընդդիմության մեջ»: