Խուդյանի գործով վերջապես սայլը շարժվեց և Վլադիսլավ Մանգասարյանը կալանավորվեց
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի գործով սայլը վերջապես շարժվեց և Վլադիսլավ Մանգասարյանը կալանավորվեց: Pastinfo.am-ի ունեցած տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը` նշելով, որ դատարանն այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և մեղադրյալ Մանգասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, սակայն ավելի մանրամասն տեղեկատվություն խոստացավ տրամադրել երկուշաբթի:
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին պատկանող հազարավոր քմ տարածքները ընկերության տնօրեն Է.Եսայանի և շինարար Վլադիսլավ Մանգասարյանի կողմից 2010թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին օտարվել են, և գումարները, ըստ Է. Խուդյանի, գրպանվել են: Ավելին չեն վճարվել նաև օտարումներից առաջացած ահռելի հարկերը:
Գործարարի հաղորդման հիման վրա, ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեում շուրջ երկու տարի առաջ հարուցվել էր քրեական գործ, սակայն առ այսօր որևէ մեկի մեղադրանք չէր առաջադրվել, ինչն առաջացրել էլ գործարարի դժգոհությունը: Անցած տարիների ընթացքում Է.Խուդյանը բազում նամակներ է հղել տարբեր պաշտոնատար անձանց: Վերջին բաց նամակը տարածվել էր օրեր առաջ` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ կրկին բարձրաձայնել էր քննության ընթացքում արձանագրված թերացումների մասին: