
Ջհանգիրյանը հավակնում է նախագահի պաշտոնին

Երեկ տեղի ունեցած ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել հավանություն տալ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ՀԱԿ նախաձեռնությանը: Հանձնաժողովը կունենա 7 անդամ, որտեղ երկու ներկայացուցիչ կունենա միայն ՀՀԿ-ն, իսկ մյուս խմբակցությունները ներկայացված կլինեն մեկական ներկայացուցիչներով: Հանձնաժողովի ստեղծման գաղափարը ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանինն էր:
Հիմա Ջհանգիրյանը պետք է պայքարի, որ իր նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ ընտրվի հենց ինքը: Սա միանգամայն հնարավոր տարբերակ է, քանի որ Ջհանգիրյանն այս հարցի քննարկման ժամանակ համաձայնեց ՀՀԿ-ի կողմից ներկայացված բոլոր առաջարկներին և, բացի այդ, բազմիցս շեշտում էր, որ հարցը պետք է քննարկվի ոչ այնքան քաղաքական, որքան իրավական և մասնագիտական հարթությունում:
Սա թույլ է տալիս չբացառել, որ ՀՀԿ երկու ներկայացուցիչները և ՕԵԿ ներկայացուցիչը կարող են քվեարկել հենց նրա թեկնածության օգտին: Լինելով նման հանձնաժողովի նախագահ, Ջհանգիրյանը կարող է արդյունավետ աշխատել իշխանության հետ և Մարտի 1-ի գործով հետաքրքիր բացահայտումներ իրականացնել: