Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տալիս. մամուլ
«Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին առաջադրված մեղադրանքի հիմքերը նախաքննական մարմնի կողմից արդեն տրամադրվել են կողմին, և Սեդրակյանն այս օրերին դրանք ճշգրտելու ուղղությամբ ցուցմունքներ է տալիս: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
Թե մասնավորապես ինչ հիմքերի մասին է խոսքը, Սիրունյանը չբացահայտեց: «Ստորագրություն ենք տվել դրանք չբացահայտելու մասին: Վարդան Սեդրակյանը հիմա ցուցմունքներ է տալիս իրեն ներկայացված մեղադրանքները հերքելու ուղղությամբ, քանի որ գտնում է, որ ներկայացված ապացույցները հիմնավոր չեն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իրենք ևս շահագրգռված են օգնել նախաքննական մարմնին՝ պարզելու ճշմարտությունը: «Եղած փաստերը իրադարձությունների թյուր մեկնաբանման արդյունք են»:
Նշենք, որ փաստաբան Սիրունյանը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Սեդրակյանի նկատմամբ մարտի 5-ին Կենտրոնի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը՝ համարելով, որ այն ապօրինի է: Փաստաբանի հիմնավորմամբ, մինչև Սահմանադրական դատարանի մարտի 14-ի որոշումը նախագահի բոլոր թեկնածուները, այդ թվում Սեդրակյանը, օժտված են եղել անձեռնմխելիությամբ, և դատարանը չէր կարող կալանավորել վերջինիս:
Ապօրինի է եղել կալանքի որոշումը, թե ոչ՝ վերաքննիչ դատարանը կորոշի երկուշաբթի օրը: Հավելենք նաև, որ, փաստաբանի փոխանցմամբ, Սեդրակյանն իրեն շատ լավ է զգում և, առհասարակ, ոչ մի առողջական խնդիր չունի: «Այնքանով է լավ զգում, որ արդեն իր խցակցի առողջության մասին է մտածում»,- ասաց Սիրունյանը: Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը կասկածվում է նախագահի արդեն նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի պատվիրման մեջ»: