«Երաշխիքներ պահանջեք իշխանություններից». Վալերի-Աշխեն Գործունյանի խորհուրդները` «Կարֆուրի» սեփականատերերին

Ֆրանսահայ գործարար, Երևանի «Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը, ով Հայաստանից հեռացավ բիզնեսում ծագած խնդիրների պատճառով, ասում է, որ ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարքեթների ցանցի մուտքը Հայաստան ձեռնտու չէ այն օլիգարխներին, ովքեր սուպերմարքեթներ ունեն:

Նա նշեց, որ ականատես է եղել, թե ինչպես են Ֆրանսիայում աշխատողներ փնտրում հայաստանյան «Կարֆուրում» պայմանագրով աշխատել ցանկացողների համար:

«Բայց եթե տրամաբանությամբ մտածենք, անշուշտ դա պիտի խանգարի մյուս սուպերմարքեթների օլիգարխներին, ովքեր «Կարֆուրի» պես սուպերմարքեթ ունեն, որովհետև «Կարֆուրն» ունի իր շաքարի, իր ալյուրի, կարագի արտադրությունն ու իր որակը, իր գները, որ ավելի մատչելի կլինեն ժողովրդի համար: Ու արդեն զգացվում է, որ դրա համար այդ օլիգարխներին, որ պետության մաս են կազմում, ձեռնտու չէ, որ «Կարֆուրը» Երևան գա»,- «Մեդիալաբին» ասում է ֆրանսահայ գործարարը:

Վալերի-Աշխեն Գործունյանի կարծիքով` մյուս կողմից էլ Հայաստանի նախագահը հավանաբար կարիք ունի ցույց տալու, որ Հայաստանում մենաշնորհներ չկան: Հետևաբար, ըստ նրա, իշխանությունները պետք է դժվարին որոշում կայացնեն` ուրախացնել օլիգարխներին կամ ապացուցել աշխարհին, որ իրենք մենաշնորհները հովանավորող չեն:

«Մեդիալաբի» այն հարցին, թե ի´նչ խորհուրդ կտա Հայաստանում ներդրում անել ցանկացող գործարարներին, այդ թվում` «Կարֆուրի» սեփականատերերին, գործարարը նշեց, որ ծանոթ լինելով հայաստանյան իրականությանը` ինքն անձամբ ներդրումներ չէր անի Հայաստանում:

«Բայց «Կարֆուրը» մեծ է ու շատ մեծ հնարավորություններ ունի, կարող է ներդնել ու երկար սպասել, որ իրենց ներդրումը շահավետ լինի»,- ասում է Գործունյանը:

Միաժամանակ ֆրանսահայ գործարարը նշում է, որ խորհուրդ կտա «Կարֆուրի» ղեկավարությանը, որ Հայաստանում պետական երաշխիքներ ունենան այն մասին, որ մենաշնորհներ չեն լինի, որ կարող են ամեն ինչ ներմուծել Հայաստան, սահմանում մաքսազերծման խնդիր չի լինի, հարկային մարմինների հետ հետագայում խնդիրներ չեն ունենա: Եթե այդ երաշխիքներն ունենա, ըստ Վալերի-Աշխեն Գործունյանի, ուրեմն կարող են աշխատել:

«Ու հույս ունեմ, որ նրանք կգան Հայաստան, որ մեր ժողովուրդը հասկանա` ո´րն է լավ շաքարի, ալյուրի, լավ կարագի ու վատի տարբերությունը: Իսկ փոքր բիզնեսի համար կասեմ, որ ես ընդհանրապես հիմա չէի ներդնի Հայաստանում, կսպասեի, տեսնենք` ի´նչ է լինելու, շատ մտահոգիչ է վիճակը»,- ասում է նա:

Գործունյանն արձանագրում է` Հայաստանն այսօր այս վիճակում է գտնվում օլիգարխների ու մենաշնորհների, կաշառակերության, հարկային տեռորի ու արդարադատության պակասի պատճառով: Նրա խոսքով` այս խնդիրների պատճառով Հայաստանում կատարվող ներդրումները նվազում են, ինչն էլ սարսափելի վիճակի է հասցրել երկրի տնտեսությունը:

«Մեր երկրի տնտեսությունը փլվել է: Պետք է առաջ լինեն մեկ կամ մի քանի մարդ, որ պիտի իրականում մտածեն ժողովրդի օգտին, որ կարողանան նորմալ հույս ներշնչել ժողովրդին: Ու այս ամենի հետ մեկտեղ պետք է կազմվեն ճիշտ օրենքներ»,- ասում է ֆրանսահայ գործարարը: Վալերի-Աշխեն Գործունյանի խոսքով` Հայաստանում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, որ երկիրը դառնա նորմալ երկիր:

Հիշեցնենք, որ թեեւ ավելի քան կես տարի է, ինչ Երեւանի «Դալմա Գարդեն մոլլ»-ում փակցված են «Կարֆուր»-ի ցուցանակները` «Բացումը շուտով» հուսադրող բառերով, այնուամենայնիվ, բազում քննարկումների եւ կանխատեսումների առիթ հանդիսացած ֆրանսիական հայտնի սուպերմարքեթը` իր տեսականիով պարզ չէ, երբ հասանելի կլինի Հայաստանում:

«Կարֆուրի» ներկայացուցիչներն խուսափում են մեկնաբանություններից եւ հարցազրույցներից, եւ վերջին հաշվով չեն հստակեցնում թե արդյոք ե՞րբ տեղի կունենա սուպեմարքեթի բացումը, եւ արդյոք տեղի կունենա՞, թե՞ իրոք «անհաղթահարելի» խոչընդոտներ են ստեղծվել օլիգարխների կողմից, որոնց ազդեցության մասին խոսում է թե տեղական, եւ թե միջազգային մամուլը:

«Հայաստանի Հանրապետությունն ու կառավարությունը խիստ շահագրգռված են, որ «Կարֆուրը» ներկայացված լինի Հայաստանում և մատուցի այն ծառայությունները, որ աշխարհով մեկ մատուցում է, քանի որ դա միայն պարունակում է բազմաթիվ դրական երևույթներ. դա կարևոր է մեր տնտեսության համար, դա մրցակցային հարաբերությունների ստեղծման համար է կարևոր, դա նոր տիպի մշակույթի ներդրում է, ենթակառուցվածքների ձևավորում է՝ փաթեթավորում, ձևավորում, այդ թվում և մեր ապրանքների արտահանում»,- փետրվարի 6-ին ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին ասել է Տիգրան Սարգսյանը:

Սակայն շատերը պնդում են, որ իշխանություններն, այնուամենայնիվ, չունեն բավականին կամք` լուծելու սկզբունքային այս հարցը եւ ազատ մրցակցություն ստեղծելու Հայաստանի տնտեսական դաշտում:

«Հայաստանում ամբողջ իշխանական համակարգը հենց օլիգարխիկ է: Մեզ մոտ եւ քաղաքականության եւ տնտեսության մեջ մենաշնորհային համակարգ է: Այս կտրվածքով օլիգարխիայի դեմ պայքարը պետք է լինի օլիգարխիկ անձանց դեմ: Այդ մարդիկ համակարգից վերանալու են, եթե խաղի կանոնները փոխվեն:,-«Մեդիալաբին» ասում է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Ստեփան Սաֆարյանը,-իրենք իրենց անընդհատ վերարտադրում են եւ վերարտադրում են այն անձին, ով կանգնած է բուրգի գագաթին»:

Medialab.am

Տեսանյութեր

Լրահոս