Եվրատեսիլյան երգի վերջնական տարբերակը կներկայացվի առաջիկայում (լուսանկարներ)
«Եվրատեսիլ 2013»-ում հայաստանյան մասնակից «Dorians» ռոք խումբը կներկայացնի « The Lonely Planet» երգը, որն, ինչպես հայտնի է, գրել է «Black Sabbath» աշխարհահռչակ ռոք խմբի կիթառահար, լեգենդար ռոք-երաժիշտ Թոնի Այոմին: Երևանում տեղի են ունեցել երգի տեսահոլովակի նկարահանումները: Տեսահոլովակի ռեժիսորը Վարդան Զադոյանն է, ով նաև գրել է «The Lonely Planet»-ի խոսքերը, բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:
Բրիտանական «Birmingham Mail» պարբերականին տված հարցազրույցում Թոնի Այոմին վերջերս խոսել էր իր ծրագրերի և Հայաստանի կողմից «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին ներկայացվելիք «The Lonely Planet» երգի ստեղծման մասին։ 65-ամյա լեգենդար ռոք երաժիշտը խոստովանել էր, որ պարզապես ապշած էր՝ իմանալով, որ հայերը «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու համար ընտրել են 5 տարի առաջ գրված «The Lonely Planet» երգը։ «Ես պարզապես ցնցված էի, երբ նրանք դիմեցին ինձ։ Մեր հանդիպումը հնարավոր դարձավ այնտեղ (Հայաստան) իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակներում։ Մենք նոր երաժշտական դպրոց ենք կառուցում, որը կփոխարինի երկրաշարժից փլված կառույցին։ Նրանք ինձ հարցրին, թե արդյոք ես ունե՞մ այնպիսի ստեղծագործություն, որը դեռ կատարող չունի։ Արդյունքում՝ ես դարակներում պահված երգերի շարքից ընտրեցի «The Lonely Planet»-ը և ուղարկեցի տղաներին»,- պատմել է կիթառահարը։ «Ո՞վ գիտի, միգուցե բախտը ժպտա, և այն նույնիսկ հաղթող ճանաչվի»,- ասել է Այոմին։ «Birmingham Mail» անգլիական պարբերականն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ երգի կատարողը «Black Sabbath»-ի վառ երկրպագու Գոռ Սուջյանն է, ում ելույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում՝ մայիսի 16-ին։
Հայաստանյան «Առաջին ալիքի» ուղիղ եթերում մարտի 2-ին կայացած ընտրական փուլում ներկայացված 4 երգերից հաղթող ճանաչվեց «The Lonely Planet»-ը: Հիշեցնենք, որ այդ երգից բացի՝ Գոռ Սուջյանը կատարել էր նաև «The Truth», «No Time» և «Toy Planet» երգերը: Ընտրությունից հետո համացանցում քննարկումներ ծավալվեցին ընտրված երգի շուրջ: Որքան էլ զարմանալի էր, ոմանք այն որակեցին՝ որպես թույլ և ոչ մրցութային երգ: Ոմանց կարծիքով՝ Գոռ Սուջյանի ձայնային հզոր տվյալներն ու արտիստիզմը հնարավորություն կտան լավագույնս ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում: Թե ինչպե՞ս են ընթանում խմբի նախապատրաստական աշխատանքները, և դեռ ի՞նչ անակնկալներ են սպասվում «Dorians» ռոք խմբի երկրպագուներին, պարզեցինք Գոռ Սուջյանի մամլո խոսնակ Դինա Հովհաննիսյանի հետ զրույցում:
– Ինչպե՞ս են ընթանում «Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքները:
– Այսօրվանից «Dorians» ռոք խմբի օրակարգը կընկնի իր բնականոն ընթացքի մեջ, այսինքն՝ ինչպես և միշտ, խումբը կշարունակի իր փորձերը` պատրաստվելով նախ՝ ապրիլի 6-ին կայանալիք համերգին, ապա՝ «Եվրատեսիլին»: Ինչ վերաբերում է նախապատրաստական աշխատանքներին, ապա եվրատեսիլյան «եռուզեռն» այս պահին, կարելի է ասել, որոշ չափով հանդարտվել է, քանի որ արդեն նկարահանվել է «The Lonely Planet» երգի տեսահոլովակը, իսկ այսօր առավոտյան էլ Թոնի Այոմիի ձայնային ինժեներ Մայքլ Եքզեթերը Լոնդոնից մեզ է ուղարկել երգի վերջնական տարբերակը:
– Շատերը համաձայն չեն ընտրված երգի հետ, այս մասին ի՞նչ կարծիքի է Գոռ Սուջյանը:
– Շատերը համաձայն չեն երգի ընտրության հետ, քանի որ դեռևս չեն լսել երգի վերջնական տարբերակը: Չնայած չի բացառվում, որ անգամ երգի վերջնական տարբերակը լսելուց հետո լինեն մարդիկ, որոնց, այնուամենայնիվ, երգը դուր չգա, քանի որ, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա: Բայց ինչ վերաբերում է Գոռին և «Dorians»-ին, ապա, որ երգն էլ ընտրվեր` կլիներ նրանց սրտով: Դա է պրոֆեսիոնալ մոտեցումը: Սակայն չեմ կարող չնշել, որ «Dorians»-ի համար իրոք մեծ պատիվ է Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնել մի այնպիսի երգով, որի հեղինակը հանրահայտ բրիտանական «Black Sabbath» ռոք-խմբի համահիմնադիր, կիթառահառ Թոնի Այոմին է: Հայաստանն առաջին անգամ է «Եվրատեսիլում» ներկայանում ռոք-խմբով, և Թոնի Այոմիի նման աջակցությունն իրոք շատ կարևոր է մեզ համար:
– Սկզբում որոշում կար երգերի հեղինակների անունը չբարձրաձայնելու մասին, սակայն հաղթող երգի հեղինակների անուններն, այնուամենայնիվ, հրապարակվեցին:
– Երբ ընտրվել էին 4 երգերը, Հանրային հեռուստաընկերությունը որոշում էր կայացրել չբացահայտել հեղինակների անունները, և այդ որոշումը միանգամայն ընդունելի էր մեզ համար: Երբևէ խոսք չի գնացել հաղթող երգի հեղինակի անունը չբացահայտելու մասին, ուստի հնչեցին «The Lonely Planet» երգի հեղինակների անունները:
– Ինչպիսի՞ շոուով է «Dorians»-ը ներկայանալու մրցույթին, կա՞ն արդեն համագործակցություններ:
– Այս պահին քննարկում ենք, թե ինչպե՞ս է «Dorians»-ը ներկայանալու «Եվրատեսիլի» բեմում: Խումբը բաղկացած է 5 անդամից, և բոլորն էլ ներկա են լինելու բեմում:
Խմբի օրակարգն իր բնականոն ընթացքն է ստացել, ու տղաները վերսկսել են իրենց փորձերը: Մինչև ապրիլի 6-ը նրանք ավելի կենտրոնացած կլինեն առաջիկա համերգի վրա, իսկ դրանից հետո՝ եվրատեսիլյան ելույթի վրա: