Բիձինա Իվանիշվիլին պատասխան նամակ է հղել եվրապատգամավորներին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է հղել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ)՝ առաջարկելով Վրաստան ուղարկել դիտորդներ՝ համոզվելու համար, որ նոր իշխանությունները հավատարիմ են ժողովրդավարական ղեկավարմանը:
Դրանով իսկ Իվանիշվիլին պատասխանել է Եվրախորհրդարանի ավելի քան 20 պատգամավորների բաց նամակին, որում իրեն կոչ է արվել Վրաստանի համար չփակել Եվրոպայի դուռը, դադարեցնել ճնշումները դատարանի, Հանրային հեռարձակողի, տեղական ինքնակառավարման մարմինների ու խորհրդարանական փոքրամասնության անդամների վրա: Սրանից առաջ Իվանիշվիլին այդ նամակը որակել էր որպես «ամոթալի»:
Եվրապատգամավորներին երեկ հղած իր նամակում Իվանիշվիլին նշել է. «Քանի որ դուք հարցեր ունեք՝ կապված Վրաստանում ընթացող իրադարձությունների հետ, կոչ ենք անում ձեզ «Եվրոպայի դուռը փակելու» մասին եզրակացություն անելուց առաջ այստեղ ուղարկել տևական ժամկետով դիտորդների՝ անձամբ համոզվելու համար, որ Վրաստանի իշխանությունների անխախտ կամքի մեջ են մտնում ժողովրդավարական ղեկավարումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը:
Վրաց ժողովուրդն արդեն իր ընտրությունը կատարել է հօգուտ արևմտյան արժեքների: Այն իշխանությունները, որոնք կշեղվեն այդ ճանապարհից, կմատնվեն ձախողման: Վրաց հասարակությունն արդեն մի քանի անգամ ապացուցել է դա»:
Իվանիշվիլին կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հաշվի առնել միջազգային հանրության խորհուրդները և ընդգծել է, որ այդ նպատակով ԵՄ-ը, որպես խորհրդատու, Վրաստան է գործուղել մարդու իրավունքներով ԵԽ-ի նախկին հանձնակատար Թոմաս Համարբերգին: