Եվրոպացի լինելը չի նշանակում, որ բոլորը պետք է մեզ խելք սովորեցնեն. Բիձինա Իվանիշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կտրուկ նամակ է պատրաստում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համար: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հենց Իվանիշվիլին, ով դրանից առաջ հանդիպել է փորձագետների հետ:
Իվանիշվիլիի խոսքերով՝ Վրաստանի նոր իշխանությունը Եվրոպայի հետ խոսում է բավական հասկանալի լեզվով, քանի որ չի վախենում իր ճշմարտությունը հասցնել նրան. «Եվրոպայի հետ ընդունելի է խոսելու հենց այդ տոնը: Դավիթ Ուսուպաշվիլին (խորհրդարանի նախագահ) լավ պատասխանել է, նա առանց ինձ էլ լավ է գրում, սակայն նրա նամակի հիմնական շեշտադրումների հեղինակը ես եմ:
Առաջիկա օրերին ես ավելի կտրուկ և ծավալուն նամակ կուղարկեմ ԵԺԿ-ին, քանի որ եվրոպացի լինելը չի նշանակում, որ բոլորը պետք է մեզ խելք սովորեցնեն: Դա ամոթալի նամակ է, կամ էլ եվրապատգամավորները չեն իմացել, թե ինչի տակ են ստորագրում: Մենք կարող ենք մեր ճշմարտությամբ համոզել այդ մարդկանց, որոնք սովորել են ապրել Սաակաշվիլիի կեղծիքների պայմաններում»:
Նշվում է, որ նախորդ շաբաթվա վերջին Եվրախորհրդարանի 23 պատգամավոր «Մի՛ կործանեք Վրաստանի եվրոպական երազանքը» բաց նամակով դիմել էր Բիձինա Իվանիշվիլիին: Նրանք Վրաստանում տիրող իրավիճակը որակել էին որպես մտահոգիչ և վարչապետից պահանջել էին դադարեցնել ճնշումները դատարանի, Հանրային հեռարձակողի, տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանական փոքրամասնության վրա և չփակել Եվրոպայի դուռը:
Ի պատասխան՝ Դավիթ Ուսուպաշվիլին գրել էր, որ այդ նամակով եվրապատգամավորները, իբրև թե, փորձում են փրկել Վրաստանը, սակայն իրականում Եվրոպան էլ ավելի են հեռացնում նրանից: Ուսուպաշվիլին եվրապատգամավորներին հիշեցրել էր նախորդ 9 տարիներին՝ Սաակաշվիլիի իշխանության տարիներին, Վրաստանում տեղի ունեցած մի շարք դեպքեր: Ուսուպաշվիլին ընդգծել է, որ եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու համար բավական չէ Եվրոպայում ապրելը: