«Ես, Սերժ Սարգսյանը և Աղվան Հովսեփյանը չենք կարող ունենալ մեկ աշխարհագրական հայրենիք»
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող կալանավոր, Շիրակի մարզի Հառիճ համայնքի բնակիչ Արթուր Այվազյանը, ով արդեն երկու օր գտնվում է հացադուլի մեջ, նաև կարել էր իր բերանը, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ ինքը քաղբանտարկյալ է, և իր նկատմամբ արդեն 12 տարի իրականացնում են քաղաքական հաշվեհարդար:
Հիշեցնենք, որ վերջինս եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է «Շմայս» մականունով) եղբոր` «Ազատամարտիկների և կին վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը և մեղադրվել է Սամվել Ստեփանյանի (անվտանգության աշխատակից) սպանության գործով:
Արթուր Այվազյանը արդեն մի քանի ամիս է` վիճարկում է իր վաղաժամկետ ազատ արձակվելը` դատի տալով Արթիկ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովին: Եվ այսօր դատարանը մերժեց իր այդ հայցը, ու նրան հետ ուղարկեցին «Արթիկ» ՔԿՀ:
Այնուամենայնիվ, Արթուր Այվազյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց դատարանում, մանրամասնեց, թե նա, ով սպանության գործով դատապարտված է, ինչո՞ւ է իրեն համարում քաղբանտարկյալ: Եվ ի վերջո ներկայացրեց հիմքեր, որոնք ի ցույց դնելով՝ հրաժարվեց ՀՀ քաղաքացիությունից:
«Քանի դեռ շարունակում է դատարանը կատարել քաղաքական պատվեր, այս պահից սկսած, քանի դեռ իմ նկատմամբ շարունակվում են նման ապօրինություններ, իսկ դատարանը փորձում է ուղղակի կոծկել այս գործը, ես հայտարարում եմ՝ ես և Սերժ Սարգսյանը, ես և Աղվան Հովսեփյանը չենք կարող ունենալ մեկ աշխարհագրական հայրենիք, ես հրաժարվում եմ այս պահից ՀՀ քաղաքացիությունից:
Եվ ես իմ երկրի և իմ իրավունքների համար կպայքարեմ՝ որպես սփյուռքահայ: Ես Ձեզ կոչ եմ անում հարգել ՀՀ Սահմանադրությունը»,- դատարանում հայտարարեց կալանավորը:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ինչ հիմքեր ունի ինքն իրեն «քաղբանտարկյալ» որակելու, այն դեպքում, երբ դատապարտված է ծանր հանցագործություն կատարելու՝ սպանության մեղադրանքով, նա պատասխանեց. «Ինձ մեղադրում են մի հանցագործության մեջ, որի հետ ես ընդհանրապես կապ չունեմ: Ինձ մեղադրում են Հոկտեմբերի 27-ի գործով կազմակերպիչների մասով կարևորագույն ինֆորմացիա ունեցող մի անձի լիկվիդացիայի կազմակերպման և պատվիրման մեղադրանքով, որի հետ ես առհասարակ առնչություն չունեմ: Մինչև օրս 12 տարի է՝ ես շարունակում եմ պայքարել և ապացուցել եմ, որ ես որևէ ինֆորմացիա և որևէ առնչություն չունեմ այդ սպանության հետ: Սակայն ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քաղաքական պատվերով ես երկար ժամանակ գտնվում եմ ապօրինի ազատազրկման մեջ:
Իմ գործերը ներկայում գտնվում են Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և ես ներկայում հետապնդվում եմ իմ քաղաքական հայացքների համար, որովհետև ես չեմ գնացել հանցավոր համաձայնության և Հոկտեմբերի 27-ի գործով չեմ տվել կեղծ ցուցմունքներ Աղվան Հովսեփյանին, որն ինձանից պահանջվում էր դեռևս 12 տարի առաջ: Մինչև օրս շարունակվում են իմ նկատմամբ նույն հետապնդումները, անգամ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունքից ես չեմ կարող օգտվել, երբ միանշանակ համապատասխանում եմ բոլոր օրենսդրական չափանիշներին:
Առկա է քաղաքական պատվեր՝ ինձ մինչև վերջին օրը պահելու ՔԿՀ-ում: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դատապարտվել եմ միայն իմ քաղաքական հայացքների համար, և ես գիտեմ, որ քաղաքական պատվերով նստածներն ազատ են արձակվում միայն քաղաքական պատվերով »,- պատասխանել է կալանավոր Արթուր Այվազյանը: