Նոր փոփոխություններ՝ Ընտրական օրենսգրքո՞ւմ
ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին բարեփոխումների հիմնական նպատակն ընտրական գործընթացների հանդեպ հասարակության վստահության բարձրացումն էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սահմանադրական դատարանում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
«Ընտրական օրենսգրքի վերջին բարեփոխումների հիմնական նպատակն էր ստեղծել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեին պատշաճ վերահսկողություն ապահովելու: Բոլոր խմբակցությունները կրում են պատասխանատվություն, և եթե բոլորը կատարեին իրենց պարտականությունները, ապա հանրային վստահությունը կավելանար»,- ասաց Հարությունյանը:
Հարությունյանը չբացառեց, որ կարող են նոր առաջարկներ լինել ընտրական օրենսգրքի բարելավման ուղղությամբ` հասարակության վստահությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով:
Սահմանադրական դատարանը մարտի 14-ին մերժեց նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ.-ի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 62 Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ դիմումները:
ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը։