ԵՊՀ ռեկտորի օգնականին քննադատած դասախոսի պայմանագիրը չի հաստատվել
ԵՊՀ արդեն նախկին դասախոս Արարատ Միրզոյանը, ով մի քանի օր առաջ քննադատել էր ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի պահվածքը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն այլևս ԵՊՀ դասախոս չէ.
«Աաա, ժողովուրդ, էս ինչ մանր են սրանք…
Ուրեմն էն իմ և մնացած դասախոսների հայտարարությունը ԵՊՀ ռեկտորի օգնականի ու դասադուլավորների հետ կապված հիշո՞ւմ եք չէ:
Էսօր իմացա, որ մարտի կեսերից նախատեսվող դասախոսություններիս համար ամբիոնի կողմից առաջարկված պայմանագիրս չեն հաստատել: Հիմա ես իսկապես ԵՊՀ դասախոս չեմ»,- գրել է Արարատ Միրզոյանը: Ստորև մեջբերում ենք հայտարարությունը, որի պատճառով Արարատ Միրզոյանն այլևս ԵՊՀ դասախոս չէ:
«Ես` ԵՊՀ դասախոսս, խստորեն դատապարտում եմ 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը: Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող և վտանգավոր հետևանքներով հղի «զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ» արտահայտությունը, հեգնական «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին»-ը և նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին և վտանգում են Մայր ԲՈՒՀ-ի հեղինակությունը: Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը և պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց»: