ՀԱԿ-ն առանձին ցուցակով կմասնակցի ավագանու ընտրություններին (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) առանձին է մասնակցելու մայիսի 5-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրություններին: Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե չորս քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ու «Ժառանգության» միջև բանակցություններն անհաջողության մատնվեցին, ուստի և Կոնգրեսում որոշում է կայացվել երևանյան ընտրություններին առանձին մասնակցել:

Անցած շաբաթ ՀԱԿ-ը կոչ էր արել ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը» համախմբել ուժերը և միասնական ցուցակով հանդես գալ մայրաքաղաքային ընտրություններում:

Երկու օր առաջ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ ԲՀԿ-ն պատրաստ է միասնական` կոնսոլիդացված ցուցակով հանդես գալ Երևանի ավագանու ընտրություններում, սակայն եթե այդ ցուցակում առանցքային տեղը պատկանի ԲՀԿ-ին, իսկ ցուցակն էլ գլխավորի Վարդան Օսկանյանը:

Մայրաքաղաքային ընտրություններին մասնակցելու է իշխող Հանրապետական կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը, և «Օրինաց երկիր» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

«Տեղի են ունեցել բազմաթիվ կոնսուլտացիաներ, բանակցություններ տարբեր ֆորմատներով այս չորս քաղաքական ուժերի միջև… միասնական ցուցակի առումով կարծես որևէ արդյունքի չենք հանգել, բայց ես կարծում եմ, որ դրանից ոչ մի ողբերգություն սարքել պետք չէ, որովհետև շատ ավելի կարևոր է, որ ձևավորվի քառակողմ մի ձևաչափ, որը հռչակում է իր նպատակը վերադարձնել Երևանում իշխանությունը ժողովրդին: Դրա համար մենք կարող ենք համագործակցել երեք կարևորագույն նպատակների շուրջ. առաջին` մենք փոխադարձ պայմանավորվում ենք, որ չենք քննադատում իրար, քննադատության հիմնական թիրախը դառնում է իշխանությունը», – պարզաբանել է Զուրաբյանը:

«Երկրորդն այն է, որ օգտագործելով չորս քաղաքական ուժերի ռեսուրսները` տեղամասային հանձնաժողովներում, վստահված անձինք, մենք կարող ենք շատ արդյունավետ վերահսկողություն սահմանել Երևանի 500-ից ավելի ընտրատեղամասերում»,- շարունակել է Զուրաբյանը. – «Եվ երրորդը այն է, որ ընտրություններից հետո մենք կարող ենք, եթե Հանրապետականը չկարողանա իր ընտրակեղծիքներով ապահովել 40 տոկոսանոց արդյունքը, կազմել կոալիցիա և ընտրել Երևանի նոր քաղաքապետին, որը կլինի ընդդիմության ներկայացուցիչ»:

Հարցին, թե այդ երեք կետերի շուրջ նշված քաղաքական ուժերի միջև կա՞ պայմանավորվածություն, Լևոն Զուրաբյանը պատասխանել է. – «Մենք կոնսուլտացիաները շարունակում ենք և քառակողմ համաձայնագիր, որն արդեն ձևակերպված կարելի է ներկայացնել ժողովրդին, չկա, բայց ընդհանուր առմամբ կան հակվածություններ նման որոշում ընդունելու»:

Անդրադառնալով մայրաքաղաքային ընտրություններում առանձին հանդես գալու որոշմանը` Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավարը նշել է. «Մենք, իհարկե, առաջինն ենք առաջարկ արել, որ միասնական ցուցակով գնանք: Մենք շատ ուրախ էինք, որ երեք քաղաքական ուժ` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և Դաշնակցությունը ունեցան բանակցություններ այս հարցով, որովհետև ինչ արդյունքի էլ նրանք գային, մենք որևէ ամբիցիա չէինք ներկայացնի և կմիանայինք այդ ձեռքբերված համաձայնությանը, ինչ համաձայնություն էլ որ կայացվեր այդ ուժերի միջև: Ցավոք սրտի, դա չեղավ, բայց անգամ եթե միասնական ցուցակը չի ստացվում, մենք պետք է կռիվ տանք այս իշխանության դեմ և այո, եթե չի ստացվում միասնական ցուցակը, ՀԱԿ-ը շատ մարտականորեն, շատ վճռականորեն պատրաստ է մասնակցել ավագանու ընտրություններին»:

Տեսանյութեր

Լրահոս