«Էդ որ Փակ շուկան քանդում էին, քաղաքապետարանը որտե՞ղ էր» (տեսանյութ)

Քիչ առաջ Ազատության հրապարակ եկավ Երևանի քաղաքապետարանի լիազորված ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը, ով այստեղ էր «Ժառանգություն» կուսակցության նախագահ և հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից վրան տեղադրելու թույլտվության հարցի կապակցությամբ: Գագիկ Բաղդասարյանը նշեց, որ քաղաքապետարանն այսօր ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցչի իրազեկումը` Ազատության հրապարակում վրանի թույլտվության մասին:

«Այն, ինչ խնդրել էր Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչն իրենց դիմումում, վրանի հետ կապված` մերժվել է առաջարկությունը` հիմք ընդունելով Մշակույթի նախարարության գրությունը»,- ասաց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը: Լրագրողներն ամեն կերպ փորձեցին Գագիկ Բաղդասարյանից հիմնավորումներ ստանալ` այդ որոշման վերաբերյալ, սակայն քաղաքապետարանի ներկայացուցիչն ամեն կերպ զերծ էր մնում մեկնաբանություններից` նշելով, որ «իրենք գործել են օրենքի տառին համապատասխան» և հղում էր կատարում Մշակույթի նախարարության կարծիքին:

«Օբյեկտի՞վ եք համարում այդ որոշումը»,- հետաքրքրվեց լրագրողներից մեկը:

«Ես չեմ ուզում օրենքի մեկնաբանությունը տալ, օրենքում պարզ գրված է. իրազեկում է ստացվում քաղաքապետարան, իրազեկման մասին տեղյակ է պահվում Ոստիկանությանը, և եթե տարածքը, որի մասին գնում է խոսքը, եթե Մշակույթի նախարարության հետ կապված է, նաև նրանց է տեղեկացվում` կարծիք ստանալու նպատակով: Կարծիքը ստացվել է, կարծիքի հիման վրա կայացվել է որոշում»,- ասաց Գ. Բաղդասարյանը:

«Պատմամշակութային հուշարձանի տարածքում` ասֆալտի վրա, աղբարկղերը` օրեր շարունակ լցված աղբով, արդյոք չե՞ն վնասում պատմամշակութային հուշարձանին», «պատմամշակութային հուշարձանի տարածքում արդյոք թույլատրվո՞ւմ է բիզնես գործունեություն ծավալել»: Այս հարցերին էլ ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի լիազորված ներկայացուցիչն ասաց, որ իր իրավասություններից դուրս է պատասխանել դրանց: «Հարցեր եք տալիս, որոնք ինձ չեն վերաբերում»,- ասաց նա: Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին այլ կերպ մեկնաբանեց սույն հարցի վերաբերյալ օրենքը` նշելով. «Իմիջիայլոց, այնտեղ մի հետաքրքիր նախադասություն կա,  որ եթե (տեղադրված վրանը,-Ա.Ս.) չի վնասում տարածքի պատմամշակութային արժեքներին, այդ դեպքում այդպիսի թույլտվությունը հնարավոր է»:

Իսկ մինչ այդ` Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի վերոհիշյալ դիմումի կապակցությամբ`Ազատության հրապարակում վրան և անձրևանոցներ տեղադրելու մասին, Ոստիկանության անունից ընթերցվեց իրազեկում, ըստ որի` «Երևանի քաղաքապետարանն արգելել է նշված վայրում վրանի տեղադրումը, իսկ թվով երեք քառոտանի անձրևանոցների տեղադրումը թույլատրել է բացառապես ոչ բարենպաստ եղանակային պայմաններում օգտագործելու պայմանով»: Այս հայտարարությունն առաջացրեց Ազատության հրապարակում հավաքված մարդկանց դժգոհությունը:

Քաղաքացիներից մի քանիսը մոտեցան քաղաքապետարանի ներկայացուցչին` նրան արտահայտելով իրենց դժգոհությունը: «Էդ որ Փակ շուկան քանդում էին, քաղաքապետարանը որտե՞ղ էր»,- պոռթկաց քաղաքացիներից մեկը:

 

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս