Բերանը կարած և հացադուլ հայտարարած կալանավորը դատարանում հրաժարվեց ՀՀ քաղաքացիությունից (տեսանյութ)
«Արթիկ» ՔԿՀ-ում պահվող կալանավոր, Շիրակի մարզի Հառիճ համայնքի բնակիչ Արթուր Այվազյանը արդեն երկու օր գտնվում է հացադուլի մեջ, նա նաև կարել է բերանը: և այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայանալու պատրվակով բերանի մի հատվածը քանդել էր, որպեսզի կարողանար խոսել ու ասել, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
«Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, քանի որ չեմ կարող լինել մի երկրի քաղաքացի, որի քաղաքացի է նաև Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը:
Արթուր Այվազյանը նաև իրեն համարում է քաղբանտարկյալ: Նա ասում է, որ իրեն մեղադրում և պատիժ են առաջադրել իր քաղաքական հայացքների համար:
Նշենք, որ վերջինս եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է «Շմայս» մականունով) եղբոր` «Ազատամարտիկների և կին վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը և մեղադրվել է Սամվել Ստեփանյանի (անվտանգության աշխատակից) սպանության գործով: Արթուր Այվազյանը արդեն մի քանի ամիս է` վիճարկում է իր վաղաժամկետ ազատ արձակվելը` դատի տալով Արթիկ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովին: Քանի որ ըստ նրա`ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը, անօրինական որոշում կայացնելով, ոտնահարել է իր վաղաժամկետ ազատ արձակման իրավունքը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդեն մեկ անգամ մերժել էր իր վարույթ ընդունել այս հարցի քննությունը և գործն ուղարկել էր Շիրակի մարզի վարչական դատարան, հետո վարչական դատարանը հայցը դարձյալ հետ էր ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այսօր վերջապես դատարանում տեղի ունեցավ առաջին դատական նիստը, որին թեև ներկա չէր Արթուր Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը, այնուամենայնիվ, դատական նիստը կայացավ և դատարանը որոշեց մերժել Ա. Այվազյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման հայցը՝ ընդդեմ «Արթիկ»-ի:
Նշենք, որ Արթուր Այվազյանը նշեց, որ չի կամենում դատական նիստն ընթանա առանց փաստաբանի, և նաև նա հայտարարեց, որ ինքնաբացարկ ունի նիստը նախագահող դատավոր Աշոտ Մանուկյանի նկատմամբ, ինչը չընդունվեց և որոշեցին կալանավորին դարձյալ ուղարկել «Արթիկ» ՔԿՀ:
Սույն նիստի ժամանակ փորձեցին Շիրակի մարզի դատարանում սահմանափակել նաև լրագրողների աշխատանքը: Այն բանից հետո, երբ դատական նիստի ընդմիջմանը galatv.am-ը հարց հղեց կալանավորին, թե ինչու՞ է նա իրեն քաղբանտարկյալ համարում և կալանավորն էլ փորձում էր բացատրել հիմքերը, դատական կարգադրիչները հեռացրին ձայնագրող սարքերը ամբաստանյալ Արթուր Այվազյանի հարևանությամբ գտնվող սեղանից:
Բարձրացված աղմուկից հետո դատավորը կրկին հրահանգեց թույլ տալ ձայնագրող սարքերը տեղադրել կալանավորին մոտ: Դատական նիստի վերջում սա արդեն բացատրվեց այս կերպ, որ վախենում են կալանավորի ինքնավնասումից, բացի այդ նա համարվում է վտանգավոր և կարող էր իրեն թույլ տալ ձայնագրիչ սարքերը «շպրտել» դատավորի կամ ներկաների ուղղությամբ: