
Դատ. Մատաղիսի գործով արդարացվածները՝ ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը՝ մարտի 15-ին, նշանակված է «Մատաղիսի գործ»-ով արդարացվածների բողոքի քննությունը` ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի:
Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել. տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցը: Մատաղիսի գործի շրջանակներում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել են չկատարած հանցագործության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին արդարացման վճռից անմիջապես հետո Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով դատավճիռը, Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են վիրավորանք հասցնելու համար Գագիկ Ջհանգիրյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել, հօգուտ իրենց բռնագանձել 300.000 ՀՀ դրամ վիրավորանք հասցնելու և 300.000 ՀՀ դրամ զրպարտելու համար, ինչպես նաև ճանաչել Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը: