Երևանի քաղաքապետարանը «Ժառանգություն» կուսակցության կողմից վրան տեղադրելու մասին նոր դիմում չի ստացել

Երևանի քաղաքապետարանը «Ժառանգություն» կուսակցության կողմից Ազատության հրապարակում վրան տեղադրեու մասին նոր դիմում չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը, ուսումնասիրելով «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ա. Մարտրոսյանի դիմումները` Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հացադուլ հայտարարելու կապակցությամբ Երևանի Ազատության հրապարակում վրան, ինչպես նաև  անձրևանոցներ տեղադրելու վերաբերյալ, հաշվի առնելով ՀՀ մշակույթի նախարարության 13.03.2013 հ. 14-1/176-13 եզրակացությունը, Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի կողմից 13.03.2013 որոշում է ընդունել Ր. Հովհաննիսյանի հացադուլի կապակցությամբ Երևան քաղաքի Ազատության հրապարակում վրան տեղադրեու վերաբերյալ դիմումը մերժել, իսկ Երևան քաղաքի Ազատության հրապարկում երեք քառոտանի անձրևանոց տեղադրելու վերաբերյալ դիմումը բավարարել` թույլատրելով տեղադրել ասֆալտին և շինություններին չամրացված երեք քառոտանի անձրևանոց, որոնք կարող են օգտագործվել բացառապես եղանակային ոչ բարենպաստ պայմաններից պաշտպանվելու  նպատակով:

Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության կողմնակիցները մարտի 14-ին փորձել են վրան տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են, քանի որ վրան տեղադրելու թույլտվություն քաղաքապետարանի կողմից տրված չէ: Հրապարակում հրմշտոց է սկսվել, որը սակայն, շուտ հանդարտվել է և սկսվել բանակցությունը Ոստիկանության ներկայացուցիչների եւ քաղաքական ուժի անդամների միջեւ:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ ոստիկանների հետ բանակցել են և որոշել, որ պետք է պահպանվեն բոլոր ֆորմալությունները: «Կդիմենք Մշակույթի նախարարություն և Երևանի քաղաքապետարան` ամեն ինչ ֆորմալ դաշտում անելու համար, ոստիկանությունը չի ընդունում, որ մենք գործում ենք օրենքի շրջանակում»,- ասել է Հակոբյանը: Նրա խոսքով` կփորձեն մինչեւ երեկոյան ժամը 17:00-17:30-ը, երբ նախատեսված է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը ստանալ քաղաքապետարանի թույլտվությունը, սակայն ասուլիսից հետո նպատակադրված են ամեն դեպքում կտեղադրել վրանը:

«Ժառանգության» ներկայացուցիչները պնդում են, որ մեկ վրան տեղադրելու իրավունք ունեն:

Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ին Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ հացադուլ է սկսում Ազատության հրապարակում: Նա կոչ է արել քաղաքական ուժերին գալ հրապարակ և իրենց խոսքերն ապացուցել գործով:

Տեսանյութեր

Լրահոս