ԱԺ հանձնաժողովը կքննարկի մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի նիստում մտադիր է դարձյալ քննարկել նստաշրջանի օրակարգի նախագծում 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հեղինակած որոշման նախագիծն ընդգրկելու վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հարցը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Որոշման նախագծով նախատեսվում է, որ ստեղծվելիք հանձնաժողովն ուսումնասիրելու է 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը:

Հիշեցնենք, որ այս հարցը քննարկվել է հանձնաժողովի դեռևս 2012թ. նոյեմբերի 28-ի և դեկտեմբերի 3-ի նիստերում: Արդյունքում որոշվել է նստաշրջանի օրակարգի նախագծում այն ընդգրկելու ժամկետը հետաձգել մինչև մեկ տարով:

Նախագծին հավանություն տալու համար կոալիցիան առաջարկել էր մի շարք պայմաններ:

Մասնավորապես, որ ժամանակավոր հանձնաժողովի կազմը պետք է ձևավորվի հավասարության սկզբունքով այնպես, որ հանձնաժողովի կազմում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությունը ներկայացնող անդամները կազմեն հանձնաժողովի անդամների կեսը: Երկրորդ` նախագծի հիմնավորումը պետք է լինի չեզոք և չպետք է պարունակի քաղաքական ու իրավական գնահատականներ:

Երրորդ` նախագծի 1-ին կետում պետք է շեշտվի, որ ժամանակավոր հանձնաժողովն իր գործունեության արդյունքում տալու է իր գնահատականը ձեռնարկած միջոցառումների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ: Չորրորդ` հեղինակները որոշման նախագծի քննարկումը հետաձգում են մինչև 1 տարի ժամկետով և վերոհիշյալ առաջարկություններով հանդերձ հարցը ներկայացնում են քննարկման ՀՀ նախագահի ընտրություններից հետո:

Տեսանյութեր

Լրահոս