«Ժառանգության» առանցքի շուրջ դաշինք է ձևավորվում

ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը հանդիպում է տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ և նրանց առաջարկում` իրենց հետ միասին մասնակցել Երևանի խորհրդի ընտրություններին:

Մասնավորապես Հակոբյանը հանդիպել է ՀԱԿ-ից դուրս եկած կուսակցությունների ղեկավարներին` Սոս Գիմիշյանին, Պետրոս Մակեյանին, Արամ Սարգսյանին, և էլի մի քանի կուսակցական գործիչների: Միասին մասնակցելու առաջարկ է արվել նաև ՀՅԴ-ին, սակայն ՀՅԴ-ում «Ժառանգության» առաջարկը մերժել են: ՀՅԴ-ն որոշել է միայնակ մասնակցել ընտրություններին:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ից դուրս եկած կուսակցություններին, ապա նրանց մի մասն իր նախնական համաձայնությունն արդեն տվել է: Մասնավորապես «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն նման առաջարկ իսկապես արվել է, և ինքը միանգամայն հնարավոր է համարում այդպիսի միավորման կայացումը:

«Ես միշտ կողմնակից եմ եղել միավորմանը և միասնաբար ընտրություններին մասնակցելուն: Եթե այս առաջարկը չլիներ, ՀԱԿ նախկին անդամ մի քանի կուսակցություններով պայմանավորվել էինք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել մեկ ընդհանուր ցուցակով: Բայց երբ այս առաջարկը եղավ, մենք մտածեցինք, որ սա ավելի մեծ միավորման հնարավորություն է ստեղծում: Երբ ես իմ գործընկերների հետ կխորհրդակցեմ, կտամ իմ վերջնական պատասխանը: Բայց կա կանխատրամադրվածություն, որ ընտրություններին մասնակցենք միասնական ֆորմատով»,- ասում է Սոս Գիմիշյանը:

Այսօր «Ժառանգության» առաջարկը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նիստում: Կարելի է կանխատեսել, որ «Հանրապետությունը» «Ժառանգության» առաջարկը կմերժի: Պատճառն այն է, որ «Հանրապետությունում» որոշել են ընդհանրապես չմասնակցել Երևանի խորհրդի ընտրություններին, որևէ ֆորմատով` ոչ առանձին, և ոչ էլ որևէ կուսակցության հետ: «Հանրապետությունում» չեն հասկանում, թե «Ժառանգությունն» ինչ նպատակով է մասնակցում Երևանի խորհրդի ընտրություններին, եթե դրանով կարող է լեգիտիմացնել նախագահական ընտրությունների արդյունքները:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արդեն հնչեցրել է իր տեսակետը` եթե ուզում են երկրում քաղաքական իրավիճակ փոխել, պետք է ոչ թե պատրաստվել Երևանի խորհրդի ընտրություններին, այլ վայր դնել պատգամավորական մանդատները:

«Հանրապետությունը» կլինի, թերևս, ՀԱԿ նախկին անդամ միակ կուսակցությունը, որը կմերժի ընտրություններին համատեղ մասնակցելու «Ժառանգության» առաջարկը: Մյուս կուսակցությունները, ովքեր ընտրությունները դիտում են որպես ինքնադրսևորման բացառիկ հնարավորություն և հնարավորություն չունեն ինքնուրույն մասնակցել ընտրություններին, հաճույքով կընդունեն «Ժառանգության» հրավերը: Մանավանդ՝ նրանք հաշվում են, որ «Ժառանգության» հետ մասնակցելու պարագայում` բավական մեծ է հավանականությունը, որ կարող են հասնել որոշակի հաջողության, լինել հաղթողների բանակում:

«Ժառանգությունում» հասկանում են, որ ՀԱԿ-ից դուրս եկած կուսակցություններն առանձնապես մեծ ազդեցություն և ընտրազանգված չունեն: Բայց նրանք համարում են, որ եթե բոլոր մյուս կուսակցություններն ընտրություններին մասնակցում են առանձին, ապա իրենք ստեղծելով նախընտրական դաշինք, կամ իրենց ցուցակ մտցնելով այլ կուսակցությունների ղեկավարների, հայտնվում են ավելի շահեկան վիճակում: Ի վերջո, սա յուրօրինակ պատասխան է ԲՀԿ-ին, որն առաջարկում էր միավորվել իր առանցքի շուրջ, բայց չհասավ հաջողության: Այսպիսով, «Ժառանգությունը» ցույց կտա, որ միավորման առանցքը հենց ինքն է:

Բայց կա մեկ այլ կարևոր հարց, որը «Ժառանգությունում» այդպես էլ չեն կարողանում հստակեցնել: Ո՞վ պետք է գլխավորի այս կուսակցության կամ հնարավոր դաշինքի ցուցակը: Րաֆֆի Հովհաննիսյանը բացառվում է. նա իրեն հայտարարել է հաղթած նախագահ, իսկ նախագահը չի կարող մասնակցել Երևանի խորհրդի ընտրություններին` միաժամանակ հավակնելով քաղաքապետի պաշտոնին:

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորի ցուցակը, դա կնշանակի, որ նա համակերպվել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքի և իր պարտության հետ: Դա տեղի կունենա մինչև ապրիլի 9-ը, մինչև Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, քանի որ ցուցակները ԿԸՀ պետք է ներկայացվեն մինչև ապրիլի 9-ը, ինչը չափազանց վատ կանդրադառնա թե՛ Հովհաննիսյանի, և թե՛ «Ժառանգության» վարկանիշի վրա:

2009թ. Երևանի խորհրդի ընտրություններում ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Բայց այն ժամանակ նախագահական ընտրություններից մեկ տարի էր անցել, և պարզ էր, որ ՀԱԿ-ում արդեն ճանաչել են կամ համակերպվել են նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Եթե ոչ` Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա` ո՞վ: Հավանական թեկնածուները երկուսն են` «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբիկ Հակոբյանը և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Քանի որ հենց Հակոբյանն է «Ժառանգության» անունից բանակցում այլ կուսակցությունների հետ, տեսակետ կա, որ հենց նա էլ կարող է գլխավորել ցուցակը: Բայց որքանո՞վ է Ռուբեն Հակոբյանը քաղաքապետի ընդունելի թեկնածու: Որքան էլ Երևանի խորհրդի ընտրությունները քաղաքական համարվեն, երևանցի ընտրողները ցանկանալու են տեսնել իրենց համար ընկալելի թեկնածուի:
«Ժառանգության» հնարավոր դաշնակիցները համարում են, որ ցուցակը կարող է գլխավորել նաև ոչ «Ժառանգության» անդամ: Դրանով «Ժառանգությունը» լայնախոհության և մեծահոգության դաս կտա մյուսներին: Բայց սա ընդամենը ենթադրություն է:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս