
Մարդու իրավունքների վիճակը Գյուղատնտեսության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ:
2012 թվականին Նախարարության կողմից սեփական նախաձեռնությամբ չեն իրականացվել դիտարկումներ սննդամթերքի անվտանգության վերահսկման նպատակով, ինչը որոշակի ոչ բավարար ծավալներով սկսվել է միայն տարեվերջին:
Օրենքով որպես պարտադիր պահանջ չի նախատեսվել գյուղատնտեսական կենդանիների մորթը սպանդանոցներում իրականացնելը:
Նախատեսված ժամկետների խախտմամբ է իրականացվել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից սկսած “Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը” ծրագիրը:
Ոլորտի կարևորագույն խնդիրներից է շարունակում մնալ գյուղատնտեսական ապահովագրության ինստիտուտի բացակայությունը:
Արձանագրված դրական զարգացումներ
2012 թվականի ընթացքում իրականացվել են պլանային ստուգումներ, մասնավորապես` հացամթերքի շուկայում և մի շարք իրավախախտ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր:
ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության շրջանակներում նախատեսվում է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացումը»:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ պայմանագրեր են կնքվել հինգ կազմակերպությունների հետ ՀՀ տարբեր մարզերում սպանդանոցներ հիմնելու նպատակով:
Հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Բնապահպանության նախարարության բաժինը։
Պաշտպանի աշխատակազմ