Պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) հատել է իրեն պատկանող այգու ծառերը (լուսանկարներ)

Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Դեյզի» այգում այսօր մեծ թվով ծառեր են հատվել։ Այգին սեփականության իրավունքով պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը՝ Արմենուհի Գևորգյանին (վերջինս, ի դեպ, հանդիսանում է Երևանի ավագանու՝ ԲՀԿ խմբակցության անդամ)։

Ծառերից բացի՝ ապամոնտաժվել են նաև անցուղիների սալաքարերը։ Նշենք, որ այգին կառուցվել է մոտ 15 տարի առաջ՝ որպես «Ռուբեն Գևորգյանի կողմից նվեր՝ սիրելի դավթաշենցիներին»։ Այդ մասին կար նաև հատուկ ցուցանակ՝ հենց այգու կենտրոնում։ Նշենք, որ այդ ժամանակ Ռ.Գևորգյանը Դավթաշենի թաղապետն էր, և մեր տեղեկություններով, այգին կառուցվել է համայնքային միջոցներով, որից հետո սեփականաշնորհվել է։

Ինչևէ՝ մի քանի տարի շարունակ այս այգին՝ իր ծառերով, գազանանոցով և սրճարանով, հանդիսանում էր Դավթաշենի ժամանցի միակ բացօթյա վայրը։ Սակայն 2005 թվականից «սիրելի դավթաշենցիներին նվեր» հանդիսացող, սակայն պարիսպով շրջապատված այգին անհասկանալի պատճառներով դադարեցրեց գործունեությունը, դարպասը կողպվեց, իսկ ցուցանակը՝ ժանգոտվեց և արդեն չկա։

Նկատենք, որ չնայած այն հանգամանքին, որ այգու սեփականության իրավունքը պատկանում է Ռ. Գևորգյանի ընտանիքին, այնտեղ անգամ մեկ ծառ  հատելու իրավունք նա չուներ։ Թե ինչ պատճառով են հատվել արդեն մի քանի տարեկան, հասուն ծառերը, առայժմ պարզ չէ։

Daisy-01 daisy-03 Daisy-02 daisy-04 daisy-05 daisy-06 daisy-07

Տեսանյութեր

Լրահոս