«Տեղափոխե՛ք Մերաբին Հայաստան» (տեսանյութեր, լուսանկարներ)
Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մերաբ Սուսլովի ազգականներն այսօր ակցիա էին կազմակերպել Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց:
Նշենք, որ ազգությամբ եզդի Մերաբ Սուսլովը մեղադրվում է գործընկերոջ սպանությունը պատվիրելու մեջ։
Մ. Սուսլովի ծնողների ներկայացուցիչ Կարեն Ղազարյանի խոսքով՝ ակցիայի նպատակը պետական մարմինների և միջազգային հանրության ուշադրությունը գրավելն է այն հարցի վրա, որ չկան Մերաբի մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ: Բացի այդ, Մ. Սուսլովի իրավունքները ազատազրկման վայրում ոտնահարվում են, նա ենթարկվում է բռնությունների։
Սուսլովի փաստաբաններն այս հարցերի վերաբերյալ նամակ էին նախապատրաստել՝ ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որը հանձնվեց ԱԳՆ Հյուպատոսական վարչության աշխատակից Տիգրան Ղափլանյանին։
«Նամակով պահանջեցինք, որ Հայաստանի հյուպատոսն այցելի Մերաբին, դիմի համապատասխան մարմիններին, որպեսզի Հայաստանի քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանվեն: Մեկուսարանի պայմաններում նրան բռնության են ենթարկում»,- ասաց Կարեն Ղազարյանը: Տիգրան Ղափլանյանը նշեց, որ ԱԳՆ-ն արդեն դիմել է Ուկրաինայի իշխանություններին և սպասում է թույլտվության. «Հենց այցելության թույլտվությունը լինի, մեր դեսպանության ներկայացուցիչը կայցելի նրան մեկուսարանում, և արդյունքների մասին գրավոր կտեղեկացնենք»: Փաստաբան Կարեն Ղազարյանը նշեց, որ որոշ ժամանակ առաջ նամակ էր հանձնվել Հայաստանում Ուկրաինայի դեսապանատանը, սակայն այնտեղից դեռևս պատասխան չեն ստացել:
Մերաբ Սուսլովի ընկեր Կարեն Ալավերդյանը նշեց, որ Մերաբ Սուսլովն իրականում անմեղ է. «Ինձ թվում է՝ իրականում ցանկանում են իր սեփականությունն իր ձեռքից վերցնել: Դա իրենց կողմից մի գեղեցիկ ձև է, որ իրեն տեղավորեն մեկուսարանում: Նա Ուկրաինայում մեծ խանութ ունի: Ինքը մարդասպան չէ, մարդասպանություն չի արել»:
Ազգականներից մեկը՝ Լենա Նադիրյանն, ասաց, որ այժմ Մերաբի մայրն առողջական լուրջ խնդիրներ ունի: Մերաբ Սուսլովի ազգականները նամակ հանձնեցին նաև ՀՀ գլխավոր դատախազությանը: