Բաժիններ՝

«ՀայԹեք Արմենիան» ներկայացվեց աշխարհի խոշորագույն CeBIT 2013 տեխնոլոգիական ցուցահանդեսում

«ՀայԹեք Արմենիա» բրենդը ներկայացվեց աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում՝ CeBIT 2013-ում:  Հայկական տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններից բաղկացած պատվիրակությունը մարտի 5-9-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում մասնակցեց CeBIT 2013 աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին:

Պատվիրակության կազմում էին Locator, Instigate, X-Tech, LimeTech ընկերությունների, Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիայի (ՆՏԸԱ) ներկայացուցիչները: Պատվիրակությունը համակարգում և ղեկավարում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)` ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և Շուկայի մրցունակության ծրագրի և Նիդեռլանդների Արտաքին գործերի նախարարության առանձնացված ստորաբաժանման` CBI-ի աջակցությամբ:

Այսօր` մարտի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ցուցահանդեսին մասնակցած ընկերությունների ներկայացուցիչները լրագրողների հետ կիսվեցին իրենց տպավորություններով և ձեռքբերումներով:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի տեղակալ Վահան Հովսեփյանի խոսքով՝  Հայկական բարձր տեխնոլոգիական լուծումները ներկայացված էին ԻՏՁՄ տաղավարում, որտեղից այցելուներին տեղեկատվություն էր տրամադրվում ոչ միայն՝ ներկա ընկերությունների, այլև` ԻՏՁՄ անդամ ընկերությունների մասին: «Այնտեղ Հայաստանը ներկայացվում էր՝ որպես բարձր տեխնոլոգիական ներուժ ունեցող երկիր»,- ասաց Վ. Հովսեփյանը՝ նշելով, որ հայկական պատվիրակությունը խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ գործնական հանդիպումներ է ունեցել ավելի քան 250 ընկերությունների հետ, այդ թվում՝ Գերմանիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Հունաստանից, Բանգլադեշից, Չինաստանից, Ճապոնիայից:

Կարդացեք նաև

Վ. Հովսեփյանի տեղեկացմամբ՝ համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել թե՛ Հայաստանում ԻՏՁՄ կողմից կազմակերպվող միջոցառումներին՝ DigiTec Business Forum, DigiTec Expo, ArmRobotics արտասահմանյան գործընկերների մասնակցության, թե՛ գործընկերների կողմից Եվրոպայում կազմակերպվելիք միջոցառումներին Հայաստանի ներկայությունն ապահովելու վերաբերյալ:

Պատվիրակության մեջ ներառված մասնավոր ընկերությունները նույնպես ձեռք են բերել գործնական պայմանավորվածություններ: X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանի խոսքով՝ իրենց առաջարկած լուծումներով հատկապես հետաքրքրվել էր ZEISS խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունը, իսկ արդեն հետագա բանակցությունները ցույց կտան համագործակցության հնարավորությունը: «Բացի այդ,  մեր լուծումներով հետաքրքրվեցին նաև ինտերակտիվ մարքետինգի և այլ ոլորտների մի քանի այլ խոշոր ընկերություններ: Ընդհանուր առմամբ՝ ցուցահանդեսի մասնակցությունն իսկապես օգտակար էր, իսկ արդյունքները տեսանելի կլինեն արդեն ապագայում»,- ասաց Ա. Աթոյանը:

LimeTech ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանի խոսքով՝ իրենք նախօրոք հանդիպումներ էին պատրաստել ճապոնական, չինական ընկերությունների հետ, իսկ այդ հանդիպումները կարող են նաև նոր թափ հաղորդել ընկերության զարգացմանը: «Բացի այդ, միջազգային ցուցահանդեսի մասնակցությունը հայկական ընկերություններին հնարավորություն է տալիս ծանոթանալ տեխնոլոգիական նոր տենդենցներին, ճիշտ գնահատել ուժերը և կարողանալ նոր թափ հաղորդել հետագա աշխատանքների իրականացմանը»,- ասաց Գ. Սաֆարյանը:

Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում՝ CeBIT 2013-ում, հայկական պատվիրակության մասնակցության վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս