«Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնությանը». նոր ցուցահանդես «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում (լուսանկարներ)
Ջերարդ Գաֆէսճեանի անձնական հավաքածուից մի փոքրիկ մաս ևս դարձավ հանրության սեփականությունը: Մարտի 12-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվեց «Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնությանը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բոլոր ցանկացողների համար բաց կլինի մինչև մայիս ամիսը:
«Այս հավաքածուի նմուշները Ջերարդ Գաֆէսճեանի անձնական հավաքածուի մասն են կազմում: Ցուցադրությանը ներկայացված 14 արվեստանմուշներ ներկայացնում են կենդանական աշխարհն ու վայրի բնությունը: Մատուցելով վայրի բնության թեթև ու ծիծաղկոտ, միևնույն ժամանակ՝ լուրջ և խորը էությունը, ցուցահանդեսը դիտողին մղում է դեպի բնությունը՝ առաջարկելով վերստին կապ հաստատել դրա բնակիչների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը: Վերջինիս խոսքով, ցուցադրությունը մարդու և բնության օտարման վիզուալ ներկայացումն է:
Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվում են կենդանիների քանդակներ, բրոնզից պատրաստված բնական տարրերի ասամբլյաժներ, գեղանկար և կինետիկ ստեղծագործություն: Այսօր և վաղը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցասրահի մուտքը բոլոր ցանկացողների համար ազատ կլինի:
Լ. Սոխակյանի խոսքով, սա «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հերթական անակնկալն էր, որով, սակայն, անակնկալները չեն սահմանափակվում: Կենտրոնն արվեստասեր հասարակության համար պարբերաբար կազմակերպում է մշակութային միջոցառումներ:
«Մեր սիրելի կանանց միամսյակին ընդառաջ՝ արվեստի կենտրոնը կազմակերպում է նաև Բեթհովենին նվիրված համերգների շարք, թավջութակի և դաշնամուրի համար երկերի ամբողջական ներկայացում»,- ասաց Լ. Սոխակյանը: