Դոլարը թռավ
Ինչպես և սպասվում էր, դոլարի փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր շեշտակի բարձրացավ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը կազմել է 415 դրամ, որը երկուշաբթի օրվա ցուցանիշից բարձր է 0.93%-ով կամ 3.83 դրամով։
Փոխարժեքը ռեկորդային է նախորդ 6-7 ամիսների կտրվածքով։ Դոլարի բորսայական փոխարժեքն ավելի բարձր եղել է նախորդ տարվա հուլիսին։
Հիշեցնենք, որ երեկ բորսայում արտարժույթի առքուվաճառք չէր եղել. դոլարն առաջարկվել էր չափազանց բարձր գնով 413.5 դրամով, իսկ պահանջարկը չէր գերազանցել 413 դրամը։
Իսկ նախորդ օրը՝ մարտի 11-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել էր 411.17 դրամ, իսկ փակման գինը՝ 411.5 դրամ։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն արդեն գնվում է 412 դրամով, վաճառվում՝ 415-416 դրամով։