Բաժիններ՝

Թվայնացվել է Հայաստանի ազգային արխիվ փաստաթղթերի մոտ 0.05%-ը

Հայաստանի ազգային արխիվում արդեն թվայնացվել է մոտ 25 հազ. թերթ փաստաթուղթ, որը կազմում է ընդհանուր արխիվային փաստաթղթերի մոտ 0.05%-ը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքով՝ մոտ 10 տարվա ընթացքում հնարավոր կլինի հասնել արխիվում պահվող ընդհանուր փաստաթղթերի մոտ կես տոկոսին:

«Թվայնացվում են հիմնականում այն փաստաթղթերը, որոնց պահանջարկը մեծ է: Կան փաստաթղթեր, որոնք պահանջարկ ընդհանրապես չունեն։ Այդ տեսանկյունից եթե նայենք, արդեն բավական աշխատանք է կատարվել թվայնացման ուղղությամբ»,- ասաց Ա. Վիրաբյանը:

Նշենք, որ փաստաթղթերի թվայնացումը Հայաստանի ազգային արխիվում սկսվել է 2011 թվականին, իսկ ֆիլմերի (խոսքը, մասնավորապես, վավերագրական ֆիլմերի մասին է) թվայնացման աշխատանքները` սկսվել են 2008-ին: Ըստ Ա. Վիրաբյանի՝ Ազգային արխիվում պահվող շուրջ 1500 վավերագրական ֆիլմերից 1000-ն արդեն թվայնացվել է:

«Կարծում եմ, ֆիլմերի թվայնացման աշխատանքները մենք եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի հաստատ կավարտենք»- ասաց Ա. Վիրաբյանը:

Կարդացեք նաև

Նրա տեղեկացմամբ, թվայնացման գործընթացն արագորեն իրականացնելու համար այս տարի կառավարության աշխատանքի հայեցակարգում ներառվել է արխիվային գործի զարգացման հարցը, այդ թվում՝ արխիվը ժամանակակից տեխնոլոգիաներով զինելու, էլ. փաստաթղթերի անցման և այլ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս