
«Դինո գոլդը» կբացի՞ հանքը

Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գայանե Թադևոսյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընկերության` Շահումյանի բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործման հարցին, ասաց. «Մենք դեռևս չենք կարող խոսել բաց հանքի մասին, որովհետև մենք ինքներս չգիտենք` կլինի՞ բաց հանք, թե՞ ոչ, և հիմնականում տարվում են հետախուզական աշխատանքներ»: Նրա խոսքով` հետախուզական աշխատանքները շարունակվում են արդեն մի քանի ամիս: Իսկ թե ե՞րբ կավարտվեն այդ աշխատանքները, դեռևս պարզ չէ. ըստ Գ. Թադևոսյանի՝ աշխատանքների վերջնաժամկետ չկա:
Հիշեցնենք, որ Շահումյանի բազմամետաղային հանքը գտնվում է Կապանին բավական մոտ, ըստ տեղացիների, շուրջ 5-6 կմ հեռավորության վրա: Բնապահապանների փոխանցմամբ` հանքը բաց եղանակով շահագործելու դեպքում Կապանը կկանգնի բնապահպանական լուրջ խնդիրների առաջ: