Լյուդմիլա Սարգսյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի հացադուլի չնստեր»

Երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, այցելելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով մարտի 10-ից հացադուլի մեջ է, լրագրողների հետ զրույցում առաջարկեց ընդդիմադիր հատվածի պատգամավորներին՝ վայր դնել իրենց պատգամավորական մանդատները և համախմբվել Ր. Հովհաննիսյանի շուրջ:

168.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվո՞ւմ են վայր դնել իրենց մանդատները` հետևելով Ա. Սարգսյանի առաջարկին: «Նման քայլերն այդպես իմպուլսիվ չեն արվում: Դա լուրջ քննարկելու թեմա է, բայց մինչև դրան հասնելը Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ քայլեր ուներ անելու, որոնք պիտի աներ: Նա պիտի հացադուլի չնստեր: Եթե նա կարողանար հասունացնել շարժումը և ըմբոստ զանգվածին ճիշտ ուղղորդել, կարելի էր ակնկալել նաև այդ քայլը պատգամավորների կողմից: Ես ոչ մի  նախադրյալ չեմ տեսնում, որ այդ շարժումը կարող է հաղթական ավարտին հասնել, կամ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է ինչ-որ ձեռքբերում գրանցել: Ակնհայտ է, որ իշխանությունը չի գնալու լուրջ զիջումների և պատրաստ չէ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ակնկալում, բերել և իշխանությունը հանձնել ժողովրդին:

Մնացած բոլոր քայլերն անիմաստ են դառնալու: Դրա համար պետք է  հասունացնել իրավիճակը և կարողանալ քաղաքական ուժերի հետ համատեղ համաձայնության գալ, որից հետո, մի քանի այլ քայլեր արվելուց հետո, կքննարկվեր նաև ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու հարցը: Բայց այսօր այդ թեմայով խոսելը, կարծում եմ, վաղաժամ  է»,- ասաց Լ. Սարգսյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նրա հոռետեսությունը, պատգամավորը պատասխանեց. «Դա հոռետեսություն չէի համարի: Դա կհամարեի իրավիճակի ճիշտ  գնահատական, որովհետև հացադուլը ծրագիր չէ, որը պետք է ներկայացվեր, հացադուլը միջոց է, ես կասեի` պրոտեստ, որը չեմ դիտարկում` որպես ուժեղ քայլ: Ես ուժեղ կհամարեի այն քայլը, որը հասարակությանը կարող էր շատ արագ մոբիլիզացնել, հանրության ակտիվ ճնշման տակ պարտադրել իշխանություններին ինչ-որ քայլերի: Ես չեմ կարծում, որ հացադուլի միջոցով իշխանությունը կգնա ինչ-որ զիջումների: Հետևաբար, դա հոռետեսություն չէ, դա քաղաքական իրավիճակի սթափ գնահատական է»:

Կարդացեք նաև

Իսկ հարցին, թե ինչո՞ւ քաղաքական դաշտը չհամախմբվեց Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջի շուրջ, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Քաղաքական դաշտը համախմբողը լինում է լիդերը: Այսօր իրական, ստեղծված իրավիճակի լիդերը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Նա պիտի կարողանար հաջողացնել դա: Ես դա համարում եմ ոչ թե քաղաքական դաշտի պասիվություն, այլ համարում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, համենայնդեպս, չկարողացավ համախմբել ընդդիմադիր դաշտը: Միգուցե համոզի՞չ չէր իր գործողությունների մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս