Դոլարը պատրաստվում է թռիչքի՞
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօրվա անդորրը վկայում է սպասվող «փոթորկի» մասին։ Այսօր՝ մարտի 12-ին, բորսայում արտարժույթի առքուվաճառք չի եղել։ Դոլարն առաջարկվել է չափազանց բարձր գնով՝ 413.5 դրամով։
Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411.17 դրամ, իսկ փակման գինը կազմել է 411.5 դրամ։
Ընդ որում, թեպետ բորսայում դոլարի պահանջարկի գինը չի բավարարել վաճառողներին, սակայն հասել է 413 դրամի։ Այսինքն՝ համաձայնության հասնելու պարագայում դոլարի բորսայական գինը կգտնվեր 413 դրամից բարձր նիշի վրա։
Նշենք, որ կանխկի արտարժույթի շուկան արդեն արձագանքել է բորսայական խոսուն լռությանը։ Դոլարի առքի միջին գինը հասել է 411 դրամի, վաճառքինը՝ 414.5 դրամի։ Այսինքն՝ մեծացել նաև գնման և վաճառքի գնի տարբերությունը, ինչը խոսում է շուկայում առկա անորոշության մասին։