
Մահվան ելքով ավտովթար՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ 50-ամյաՎարդան Ավետիսյանը, վարելով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 23 ՕՏ 032 համարանիշի ավտոմեքենան, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Կարճաղբյուր գյուղի վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Ավետիսյանը մահացել է, իսկ ուղևոր, Վարդենիս քաղաքի բնակիչ Գրետա Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի և ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները։
Վթար վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչ Ալիկ Սուքիասյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի