Բաժիններ՝

«Խնդիրն այն է, որ ոստիկանությունն սկսել է տրամաբանել». Վ.Գասպարյան

ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հարցազրույց է տվել News.am-ին և թղթակցի հարցին, թե ո՞րն է տրամաբանությունը, որ ոստիկանությունն այս տարի նշելու է իր 95-ամյակը, մինչդեռ անցած տարի 11-ամյակն էր, պատասխանել է.
«Խնդիրն այն է, որ մենք եղած անտրամաբանականը բերում ենք տրամաբանության: Խնդիրն այն է, որ ոստիկանությունն սկսել է տրամաբանել /ծիծաղում է/: Տրամաբանական է, որ ոստիկանությունը հենց 95 տարեկան է: Տրամաբանական չէր այս իրավապահ կառույցի ծննդյան 10 կամ 11 տարին նշելը: Չի՛ կարող 95-ամյա հանրապետության հասակակիցը 10 կամ 11 տարեկան լինել: Ինչ վերաբերում է հայկական միլիցիայի իրավահաջորդ լինելուն, ապա ոստիկանությունը վերցնում է միլիցիայի բոլոր բարի ավանդույթները և ազատվում ձևավորված կարծրատիպերից: Սա՛ է մեր ոստիկանությունը՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով: Մենք մեր կենսագրությունը մաքրում ենք վատից: Մենք չենք մոռանում անցյալը ու գիտենք՝ որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Իսկ «Ոստիկանության մասին» օրենքի ընդունման օրը տոն հռչակելը, իմ կարծիքով, ճիշտ չէ: Ստացվում է, որ ամեն անգամ օրենք ընդունելիս պիտի տո՞ն փոխենք: Կարծում եմ՝ հաշվարկը պետք է սկսել այն օրվանից, երբ Արամ Մանուկյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար»:
Իսկ այն դիտարկմանը, որ ոստիկանությունն ավելի հանդուրժող է դարձել հավաքների ու դրանց մասնակիցների նկատմամբ, ոստիկանապատեը պատասխանել է. «Իմ կարծիքով, ոչ թե պետք է զարմանալ, թե ինչու այդպես է, այլ, թե՝ ինչու այդպես է՛ր: Սա՛ է այսօրվա ոստիկանությունը»։
Իսկ ընդվզումների պարագայում հնարավո՞ր է, որ ոստիկանությունը ուժ կիրառի ցուցարարների նկատմամբ։ «Ոստիկանությունն իր գործառույթներն իրականացնում է օրենքի տառին հավատարիմ: Եվ միանշանակ է մեկ բան. ոստիկանությունն իր լիազորություններից ու օրենքից դուրս որևէ քայլ չի անի»,- ասել է Վլ. Գասպարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս