
Վիճաբանել են «Հայլուրի» համար

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանին է մակագրվել զինծառայողների միջև «Հայլուր» լրատվական հաղորդումը սկսելուց առաջ նստատեղը զիջելու հարցի շուրջ վիճաբանության գործը:
Այսպես, ըստ մեղադրանքի, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի կուրսանտ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Հեքիմյանը 2013թ հունվարի 22-ին ժամը 20:30-ի սահմաններում ուսումնական վաշտի լսարանում «Հայլուր» լրատվական հաղորդումը սկսելուց առաջ նստատեղը զիջելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել նույն ուսումնական վաշտի մեկ այլ ջոկի պարտադիր ժամկետային զինծառայող` կուրսանտ, շարքային Տիգրան Հարությունյանի հետ: Վեճը շարունակվել է հաղորդումն ավարտվելուց հետո ժամը 21:40-ի սահմաններում զորամասի ծխարանի դիմաց, որտեղ և խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգային կանոնները նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում` ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13 և 16 հոդվածների համաձայն, Սարգիս Հեքիմյանը «բարձր չի պահել զինվորական ընկերասիրությունը, հարգանք չի տածել համածառայակցի նկատմամբ, անհանդուրժողական է գտնվել», որը զուգորդվել է բռնություն գործադրելով` այն է հարվածել է Տ.Հարությունյանի դեմքին, որովայնին և պատճառել մարմնական վնասվածքներ: