Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել իշխող շրջանակների մասին սկանդալային տեսանյութերի հեղինակի դեմ
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազին կից հետաքննչական-օպերատիվ խումբը, որը հետաքննում է 2003 թվականին Մահիր Աբդուլաևի առևանգումը, մեղադրանք է ներկայացրել նրա եղբայր, Միջազգային համալսրանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևի դեմ:
Վերջինս մեղադրվել է փոխվարչապետի նախկին օգնական Վագիֆ Հուսեինին կաշառք տալու մեջ՝ կանխելու համար իր համալսարանի փակումը: Գլխավոր դատախազության տարածած հայտարարությունում նշված է, որ հետաքննությունը պարզել է, որ Էլշադ Աբդուլաևը 2009 թվականին սկսել է միջնորդ փնտրել՝ բուհի պահպանման նպատակով որևէ պաշտոնատար անձի կաշառք տալու համար:
Վագիֆ Հուսեինն իր հերթին նրանից գումար է վերցրել պաշտոնատար անձանց փոխանցելու պատրվակով: Դա տեղի է ունեցել 2009 թվականի օգոստոս-հոկտեմբերին, երբ Վագիֆը մաս-մաս Էլշադ Աբդուլաևից վերցրել է 1 միլիոն դոլար:
Դրա հետ կապված՝ Վագիֆ Հուսեինը ձերբակալվել է 2012 թվականի վերջին՝ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետով (խոշոր չափի գումարի յուրացում): Այժմ Աբդուլաևի դեմ քրեական գործ է հարուցվել 312-րդ հոդվածով (կաշառք տալու փորձ):
Հիշեցնենք, որ Էլշադ Աբդուլաևը գտնվում է Ֆրանսիայում վտարանդիության մեջ և նախորդ տարվա սեպտեմբերից հրապարակել է տասնյակ տեսանյութեր՝ Ադրբեջանի իշխող շրջանակների կոռումպացվածության մասին: Աբդուլաևը հայտարարել է, թե ունի 400 տեսանյութ, որոնց համացանցի միջոցով հրապարակելու է ժամանակի պահանջներին համապատասխան: