Սամվել Ալեքսանյանը համ բրիգադիր է, համ պատգամավոր. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեր թղթակիցը Երևանի Փակ շուկայի մոտ (շուտով՝ «Yerevan City») նկատել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով անձամբ է ղեկավարելիս եղել ճարտարապետական այդ կառույցի շինարարական աշխատանքները, բանվորներին ինստրուկտաժ անելով: Մեր թղթակցի հարցին՝ ի՞նչ նպատակով եք էստեղ, եկել եք շինաշխատանքները ղեկավարելո՞ւ, Ալեքսանյանը խուսափողական պատասխան է տվել: «Չէ, այ ցավդ տանեմ, մարդ պտի տենայի: Փողոցի վրա հանդիպել ես, ի՞նչ ես ուզում ինձնից»,- ասել է գործարար պատգամավորը: «Փակ շուկայի հետ կապ չունեք, փաստորեն»,- դիտարկել է թղթակիցը: «Չէ, չէ: Ուղղակի պրոսպեկտ մարդ պտի տենայի, եկել եմ»,- հայտնել է բրիգադիր-պատգամավորը:
Իսկ այդ նույն ժամին մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը քննարկում էր Փակ շուկայի հարցը՝ կազմելով եզրակացություն՝ ապամոնտաժել շինության նորակառույց ծավալի երկաթբետոնե հիմնական հատվածը: «Խորհուրդը տվել է մասնագիտական եզրակացություն, որը ենթադրում է իրականացնել նախագծով նախատեսված Փակ շուկայի ետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնե հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները՝ նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով:
Խորհրդի եզրակացության համաձայն, այս աշխատանքների ավարտից հետո կմշակվի շուկայի վերականգնման նախագիծը՝ շինության տեխնիկական վիճակի մասին նոր եզրակացության հիման վրա և այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը մի շարք ԶԼՄ-ներ ներկայացրին որպես մշակույթի նախարարության որոշում:
Սակայն, ուշադրություն դարձրեք, նախարարությունը դեռ պետք է հաստատի խորհրդի եզրակացությունը, ինչին, մեղմ ասած, կասկածում ենք: Նույնիսկ կարող ենք գրազ գալ, որ Սամվել Ալեքսանյանի ծրագրերն իրար չեն խառնի ոչ նախարարությունը, ոչ էլ պատկան այլ կառույցներ: Այս պնդման հիմքն այն է, որ չնայած օրեր առաջ մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ Փակ շուկայում իրականացվող շինարարությունն ապօրինի է, չնայած Երևանի քաղաքապետարանն ընդամենը վարչական տույժ կիրառեց՝ սեփականատիրոջը տուգանելով 2 միլիոն 700 հազար դրամով, այնուամենայնիվ, Սամվել Ալեքսանյանը երեկ ղեկավարում էր անարգել ընթացող շինարարությունը:
Ի դեպ, երեկ մի ուշագրավ իրադարձություն էլ է տեղի ունեցել: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նույն Սամվել Ալեքսանյանին «չպատկանող» Երևան Սիթիին տուգանել է 900 հազար դրամով: Գիտե՞ք ինչի համար: Որովհետև սուպերմարկետների այդ ցանցում վաճառվող էլեկտրատեխնիկան ու խաղալիքները չունեն հայերեն մակնշում: Այլ կերպ ասած, ըստ ՏՄՊՊՀ-ի՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներկրման բացարձակ մոնոպոլիստը ուրիշ որևէ խախտում չի կատարում: Հասկանո՞ւմ եք: Նա ստվերում չի գործում, չի խաթարում տնտեսական մրցակցությունը, չի ավերում հուշարձան շենքը, պատգամավոր լինելով բիզնեսով չի զբաղվում, չի ղեկավարում ընտրակեղծիքների գործընթացը…:
Նրա ամենամեծ խախտումն առանց հայերեն մակնշման էլեկրտաթեյնիկներ վաճառելն է և ընդամենը: Մեզ մնում է միայն կռահել՝ Սամվել Ալեքսանյանն է ձեռ առնում տարբեր նախարարություններին ու պետական կառույցներին, թե վերջիններս են ձեռ առնում բոլորիս»: