Աշտարակի ձորում, հին կամրջի մոտ (լուսանկարներ)
Վազգեն Սարգսյանը գարնան առաջին օրը`մարտի 1-ը, դիմավորում էր ԵԿՄ անդամների, իր ընկերների հետ` Աշտարակի ձորում, հին կամրջի մոտ, ջրաղացի քարի վրա բացված սեղանի շուրջ, որի վրա միայն խաշած ձու էր լինում, կանաչի և լավաշ:
1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Վազգեն Սարգսյանի ընկերները շարունակեցին Վազգեն Սարգսյանի թողած ավանդույթը, և ամեն տարի մարտի 1-ին հավաքվում էին նույն վայրում՝ նշելով գարնան գալուստը, հիշելով իրենց ընկերոջը, խմելով Վազգեն Սարգսյանի կենացը:
2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո մարտի 1-ը դարձավ ողբերգական տարելից, և այդ օրը Վազգեն Սարգսյանի ընկերները և մերձավորները հավաքվում էին ոչ թե Աշտարակի ձորում, հին կամրջի մոտ, այլ՝ Մյասնիկյանի արձանի մոտ, հիշելու այն 10 զոհերին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Հայաստանի ժողովրդավարացման:
Բայց ավանդույթը չդադարեց. Վազգեն Սարգսյանի ընկերներն ու մերձավորները որոշեցին Աշտարակի ձորում հավաքվել մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Բայց հիմա հավաքվում են ոչ նախկին կազմով, բոլորը չէ, որ առաջվա նման իջնում են Աշտարակի ձոր:
Տարիների ընթացքում շատերը որոշեցին, որ հին ջրաղացի քարն այլևս իրենց տեղը չէ, որ այնտեղ հավաքվում են մարդիկ, ովքեր հայացքներով ընդդիմադիր են, որ իրենց այնտեղ լինելը կարող է վտանգավոր լինել իրենց կարիերայի և անձնական երջանկության համար:
Այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, նրա մտերիմները կրկին իջան Աշտարակի ձոր: Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի կողքին Սմբատ Այվազյանն էր, Սուրեն Աբրահամյանը, Աշոտ Մանուչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, դիմացի սեղանին՝ Հակոբ Հակոբյանը, Հովսեփ Հովսեփյանը, Երկրապահի նախկին ու ներկա անդամներ: Նրանք, հնարավոր է, որ գաղափարակիցներ չեն, բոլորը չէ, որ նույն կուսակցության անդամներ են, բայց նրանք շարունակում են մնալ Վազգեն Սարգսյանի մերձավորները և ընկերները, շարունակում են հիշել իրենց ընկերոջը և նշել նրա ծննդյան տոնը: