
Իշխանության հասնելու` շարժման առաջին հանգրվանը Երևանի ավագանու ընտրություններն են. Արմեն Ռուստամյան

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հերթական հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Դաշնակցության ներկայացուցիչն առաջին հերթին՝ անդրադարձավ շարժման գլխավոր մարտահրավերներին: «Պետք է արձանագրել, որ իշխանությունները չեն պատրաստվում բավարարել հետընտրական իրավիճակի լիցքաթափմանն ուղղված` Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները»,- ասաց նա:
Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները հոժարակամ կերպով երբեք չեն գնալու անհրաժեշտ զիջումների, առավել ևս, չեն զիջելու իշխանությունը: «Դրան կարող է պարտադրել միայն քաղաքական զորեղ գործոնի վերածվող համաժողովրդական շարժումը»,- նշեց նա:
Ըստ Արմեն Ռուստամյանի` շարժման մաս կազմող քաղաքական, հասարակական ուժերի և շահագրգիռ բոլոր կողմերի խնդիրն է՝ հստակ ձևակերպված նպատակի և սկզբունքների շուրջ կազմակերպել և կոնկրետ քայլերի ու գործողությունների միջոցով ընդլայնել ու հզորացնել սկիզբ առած այս շարժումը: «Ուստի` օրվա հրամայականը շարժման ճշգրիտ հունավորումն ու կազմակերպումն է:
Առ այդ, ինչ վերաբերում է շարժման վերջնական նպատակին, ապա այն շատ հստակ է և անփոփոխ՝ հասնել ժողովրդի լիակատար իշխանության հաստատմանը երկրում բոլոր մակարդակներով: Դրան տանող ամենավստահելի ճանապարհն է՝ շարժումն ուղղորդել հանգրվանային հաջողություններ արձանագրող տևական պայքարի հունով: Այսինքն` եթե տվյալ պահին չի հաջողվում իշխանությունը վերցնել ամբողջությամբ և միանգամից, դա մեզ չպետք է հիասթափեցնի, այլ մղի մեզ դրան հասնել աստիճանաբար՝ հանգրվան առ հանգրվան: Ըստ այդմ՝ իշխանության միահեծան և մոնոպոլ դրվածքը սասանելու, շարժման ռեսուրսը մեծացնելու ցանկացած առիթ և հնարավորություն պետք է լիարժեք օգտագործել` հասնելու կոնկրետ շոշափելի արդյունքի: Իսկ դա չի կարող պակաս ձեռքբերում համարվել: Հենց այդպիսի հանգրվանային հաջողություններն են քայլ առ քայլ մոտեցնելու շարժմանն իր հետապնդած նպատակին: Սա պայքար է լայն ճակատով` սկսած ամեն շենքից, թաղամասից, բնակավայրից, քաղաքից՝ մինչև հանրապետության ամենաբարձր մակարդակները: Եվ այս պայքարի մեջ է, որ մեզանից յուրաքանչյուրն իր տեղն ու դերը կտեսնի, ամեն մեկն իր անելիքը կունենա: Այս պայքարն է, որ կհանգեցնի այնպիսի իշխանափոխության, որ ամբողջական կլինի, որ չի ավարտվի սոսկ մարդափոխությամբ, ինչը մենք բազմիցս տեսել ենք, որն իսկապես կհաստատի ժողովրդի իշխանությունը և կերաշխավորի երկրում արմատական փոփոխությունների իրականացումը:
Այդպիսի առաջնահերթ քայլերի գործադրման ծրագիր Դաշնակցությունն առաջարկել է, և մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է մեր ողջ ներուժը ներդնել դրա իրականացումը հաջողելու համար: Սակայն ժողովրդի այսպիսի տևական և աննահանջ պայքարն ապահովելու համար անհրաժեշտ է, նախ և առաջ, ձևավորել շարժման ողնաշարը՝ նրա կազմակերպական կառույցը, սկսած կենտրոնական ղեկավարումից՝ մինչև շարժման մարզային ու համայնքային ստորաբաժանումների կազմավորումը:
Այսօր իշխանության հասնելու` շարժման առաջին հանգրվանը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններն են: Հայաստանի նման երկրում Երևանի քաղաքային իշխանությունը ձեռք բերելը շարժման համար վստահաբար կունենա վճռական նշանակություն՝ իշխանության միահեծան այս վիճակը փոխելու և իշխանություններին շատ ավելի լուրջ զիջումներ պարտադրելու ճանապարհին:
Սիրելի՛ հայրենակիցներ, այսպես ձևավորված և կազմակերպված շարժումն է, որ, գործելով «հանդարտ ուժի» տրամաբանությամբ, հետզհետե թափ է հավաքելու, դառնալու է անկասելի և անպայմանորեն հասնելու է իր նպատակին, և մենք բոլորս ապրելու ենք մեր երազած Հայաստանում»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: