Բաժիններ՝

Ապարանի հրշեջ-փրկարարներն ու բժիշկները փրկեցին 6 ամսական Նարեկի կյանքը (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 5-ին, Արագածոտնի մարզի Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը և Ապարանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմն օպերատիվ աշխատանքի արդյունքում կարողացան ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 6 ամսական երեխային շոկային վիճակից հետ բերել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Նորաշեն գյուղի գյուղապետ Սմբատ Մելիքսեթյանն ահազանգել է Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատ և հայտնել, որ իրենց գյուղի բնակիչների՝ ամուսիններ Արտուշ Ասատրյանի և Մերի Մարտիրոսյանի 6 ամսական տղան` Նարեկ Ասատրյանը, ունի բարձր ջերմություն և, ծնողների տեղեկացմամբ, երեխան ցնցումների մեջ է, իսկ քանի որ գյուղից դեպի Ապարան ճանապարհն անանցանելի է, անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ապարանի հրշեջ-փրկարարներ Ահարոն Հարությունյանը, Գագիկ Գրիգորյանը, Արթուր Սաֆարյանը, Տոլիկ Արշակյանը, Վաղինակ Հովհաննիսյանը, Նորիկ Մելքոնյանը ջոկատի հրամանատար Հայկ Արշակյանի գլխավորությամբ, երեխային գյուղից տեղափոխել են մինչև Ապարանի գլխավոր ճանապարհ, որտեղից էլ Ապարանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ երեխային տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոնի թերապևտիկ մանկական բաժանմունք:

Բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Հայկ Շմավոնյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել է, որ երեխան հիվանդանոց է բերվել սուր ռեսպիրատոր հիվանդությամբ՝ «հիպերջերմիկ սինդրոմ» ախտորոշմամբ: Այս պահին երեխային արդեն ներարկումներ են կատարել, և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Երեխայի տատը՝ Սինամը, գոհունակությամբ հայտնում էր, որ «Ճիշտա, մենք մեքենա ունենք, սակայն չէինք կարող մեր մեքենայով երեխային տեղափոխեինք, քանի որ գյուղի ճանապարհը դժվարանցանելի է, և եթե Ապարանի հրշեջ-փրկարարներն ու բժիշկները չլինեին, չեմ պատկերացնում, թե ինչ վատ հետևանքներ կլինեին»:

ap-002 ap-1 ap-2 ap-3 ap-001

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս