«Մենք լավ գիտենք Րաֆֆի Հովհաննիսյանի ուժեղ և ոչ այնքան ուժեղ կողմերը». Տիգրան Խզմալյան

«Թե ո՞ւմ հետ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանը, ի վերջո, այնքան էլ էական չէ, նա արեց իր գործը: Ավելի կարևոր է, թե ինչ կանի ժողովուրդը: Մենք չպետք է  թույլ տանք  որևէ նոր գործարք»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) հետ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը՝ Տիգրան Խզմալյանն ասել է, որ ինքը, ինչպես և երևի շատերը, հաճույք չի զգում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ԲՀԿ առաջնորդի հետ, բայց ի տարբերություն 2008թ.-ի, երբ շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձել էր կուռք, և ամեն ինչ կախված էր նրա հանդիպումներից և հայտարարություններից, այս անգամ կուռքեր չկան: Նրա խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, ում «Սարդարապատ» շարժումն աջակցում է,  անկաշկանդ կարողանում են հայտնել իրենց տեսակետները ցանկացած հարցի շուրջ: «Ինքն ազատ է իր հանդիպումներում, մենք ազատ ենք մեր կարծիքը հայտնելու մեջ: Անկեղծ ասած, ինձ այդքան էլ չի անհանգստացնում՝ հանդիպե՞լ է նա ԲՀԿ առաջնորդի հետ, թե՞ոչ: Դրա մեջ ողբերգություն չկա»,- ասել է Տիգրան Խզմալյանը:  Վերջինիս համոզմամբ՝ այդ հանդիպումները ֆորմալ բնույթի են, այնպես որ, բուն հանդիպումն այնքան էլ էական չէ, կարևորն այն է, թե ի՞նչ է խոսվում, և ի՞նչ է արվելու: «Մենք առաջին իսկ  օրվանից ասել ենք, որ սատարում ենք ժողովրդական պայքարը, և, քանի որ Րաֆֆին դրա մարմնավորումն է, այո,  սատարում ենք Րաֆֆիին: Մենք հակված ենք վստահել նրան, բացի այդ, մեզանից շատերս հին ծանոթ-ընկերներ ենք: Մենք բոլորս լավ գիտենք, նրա թե՛ ուժեղ, թե՛ ոչ այնքան ուժեղ կողմերը: Մենք նրա համար ենք, որ օգնենք նրան»,- նշել է Տիգրան Խզմալյանը:

Այն հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների հետագա ծրագիրը տեսանելի՞ է «Սարդարապատ» շարժման համար, Տիգրան Խզմալյանը պատասխանել է, որ ավելի բարձր պահանջներ հենց շարժման անդամներն իրենք իրենց պետք է ներկայացնեն. «Նա անում է իր աշխատանքի մասը, մենք պետք է անենք մերը, և միգուցե հստակության տարրը պետք է մտցնի ինքը՝ ժողովուրդը»:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս քաղաքական ուժերի հետ հանդիպումների շարք էր նախաձեռնել, որի ընթացքում հանդիպումներ են եղել ԲՀԿ, ՀՅԴ ղեկավարությունների, ինչպես նաև «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս