Ինչ են խոսել Ծառուկյանն ու Րաֆֆին. մամուլ
«Շաբաթ օրը, Ազատության հրապարակում հանրահավաքի ավարտից հետո հայտնի դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հովհաննիսյան-Ծառուկյան առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: «Ժառանգությունից» մասնակցել են կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ-ից խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը: Դռնփակ հանդիպումը շարունակվել է շուրջ 3 ժամ: Այս հանդիպմանը հետևեց ԲՀԿ-ի կարճ հաղորդագրությունը, որին հաջորդեց նաև «Ժառանգության» հաղորդագրությունը: Ի տարբերություն ԲՀԿ-ի, «Ժառանգության» հաղորդագրությունը մի փոքր ավելի «ծավալուն» էր»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Ավելի ուշ «Կենտրոն» հեռուստաընկերությունը մի քանի կադր ցուցադրեց 3 ժամ տևած հանդիպումից, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է. «Ես ողջունում եմ մեր համագործակցությունը: Ես կարծում եմ, որ միասին բոլոր կուսակցությունները՝ Բարգավաճը, Դաշնակցությունը, ՀԱԿ-ը և անգամ Հանրապետականի որոշ մասնիկներ, մեր քաղաքացիական հասարակությունը կարող է փրկել այս վիճակից և վերադարձնել Հայաստանի իշխանությունը ժողովրդին: Շնորհակալություն այս հյուրընկալության համար: Գնահատում եմ ձեր ներդրումը և նաև՝ ձեր հավաքականի: Մենք գիտենք, որ մեզնից բարձր կա մի շահ, որ հայրենիքի շահն է և այդ շահի համար մենք միասին այսօր հանդիպել ենք, շնորհակալություն»:
Ի պատասխան Ծառուկյանն ասում է. «Պարոն Հովհաննիսյան, ամենակարևորը՝ դուք գիտեք, որ մենք մեր տեսակետը, մեր հայտարարությունը արել ենք: Կարող ենք իրար հետ հանդիպել, շփվել, քննարկել այն խնդիրները, որ օգուտ են ժողովրդին: Մենք դրան կողմնակից ենք»:
Նույն օրը, սակայն, ԲՀԿ խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը տարբեր լրատվամիջոցներով հայտարարեց, թե «Ժառանգության» ծավալուն հայտարարության մեջ օգտագործված են հատվածներ մի քանի օր առաջ ԲՀԿ քաղխորհրդի տարածած հայտարարությունից, որը վերաբերում էր ընդհանուր հետընտրական զարգացումներին, իսկ իրականում կողմերը երկուստեք պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հանդիպման ընթացքում քննարկված թեմաները չհրապարակայնացնել:
Ինչ է իրականում տեղի ունեցել փակ դռների հետևում: Երկու կողմերն էլ մինչև երեկ ձեռնպահ էին մնում որևէ մանրամասն հայտնելուց: «Ժառանգության» կուլիսներում երեկ խոսում էին, թե Հովհաննիսյանը Ծառուկյանին առաջարկել է լայն կոնսոլիդացիոն դաշտ ձևավորել և միանալ շարժմանը, ինչին, սակայն, որևէ կոնկրետ պատասխան չի հնչել:
«Ժառանգության» ներկայացուցիչները նշում էին, թե կոնկրետ խոսակցություն երկու կողմերի միջև տեղի չի ունեցել, և իրենք որևէ լուրջ ակնկալիք ԲՀԿ-ից չունեն: Սույն հանդիպումը, բնականաբար, ոչ միանշանակ է ընդունվել բողոքավոր ընտրազանգվածի կողմից: Հատկապես դժգոհության տեղիք է տվել, այն, որ շաբաթ օրվա հանրահավաքի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման մասին ոչինչ չի ասել: Երեկ «Հժ»-ն զրուցեց նաև «Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հետ:
– Պարոն Հակոբյան, ՐաֆֆիՀովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը միանշանակ չի ընդունվել, կասե՞ք՝ ինչ է առաջարկել Հովհաննիսյանը Ծառուկյանին: Նաև կարծիքներ կան, որ Հովհաննիսյանի առաջարկը Ծառուկյանի կողմից մերժվել է:
– Րաֆֆի Հովհաննիսյանը բազմիցս հայտարարել է, որ սա «Ժառանգության» շարժումը չէ, նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը չէ, սա համաժողովրդական շարժում է, որը ղեկավարում է ընտրությունների արդյունքում՝ մեր կարծիքով հաղթող ճանաչված Րաֆֆի Հովհաննիսյանը և հրապարակը բաց է, առաջարկվել է, որ բոլորս կարող ենք ժողովրդական շարժման մաս կազմել և նորմալ է այդ հանդիպումը: Ես հասկանում եմ, որ կարող է ոչ միանշանակ արձագանքներ լինեն, բայց սա տեղավորվում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հայտարարված համաժողովրդական շարժման տրամաբանության շրջանակներում:
– Եվ կարծում եք, ԲՀԿ-ն կմիանա՞ Շարժմանը:
– Յուրաքանչյուր ուժ ինքն է որոշում իր անելիքները, բայց այն, որ այսօր ԲՀԿ-ն Աժ-ում կողմ քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախագծին, ես դա ողջունում եմ:
Նշենք նաև, որ նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել էր նաև ՀՅԴ-ի և Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Սարդարապատ» շարժման հետ: ՀՅԴ-ի հետ հանդիպման ընթացքում, ըստ «Ժառանգության», քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները, իսկ «Սարդարապատի» հետ ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը և մտահոգությունները:
Հ.Գ. Երեկ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ Րաֆֆի Հովհանիսյանը Սերժ Սարգսյանին նամակ է ուղարկել՝ նրան հրավիրելով այսօրվա հանրահավաքին Ազատության հրապարակում ժողովրդի հաղթանակը ճանաչելու և հրաժարական տալու հորդորով: Իսկ ահա մամուլի ասուլիսում պատասխանելով տարբեր քաղաքական ուժերի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի արդեն կայացած կամ հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցին, Խուրշուդյանն ընդգծել է, որ Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ է նույնիսկ հանդիպել»: