
Կենտրոնական բանկը՝ դրամի կտրուկ արժեզրկումը կանխելու նպատակով, դոլարային ինտերվենցիա է իրականացրել. մամուլ

«Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի միջին կշռված գինը գործարքների ընթացքում կազմել է 411 դրամ 42 լումա, բայց փակման գինը՝ 410 դրամ 75 լումա: Կարելի է պնդել, որ ՀՀ կենտրոնական բանկը միջամտություն է իրականացրել:
Խնդիրն այն է, որ գործարքների ծավալը բավականին մեծ է եղել՝ մոտ 16 միլիոն դոլար: Սա անհամեմատ մեծ է վերջին շրջանում բորսայում իրականացվող օրական գործարքների միջին ծավալից, ինչն էլ հիմնավոր է դարձնում պնդումները, որ ՀՀ Կենտրոնական բանկը՝ դրամի կտրուկ արժեզրկումը կանխելու նպատակով, դոլարային ինտերվենցիա է իրականացրել:
Սա պայմանավորված է նրանով, որ ներքին շուկայում արտարժույթի նկատմամբ խոշոր պահանջարկ է առաջացել: Սա իր հերթին կարող է պայմանավորված լինել երկու գործոնով՝ կամ արձանագրվել է արտարժույթի մեծ արտահոսք, կամ ինչ-ինչ պատճառներով նվազել է արտարժույթի ներհոսքը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը: