«Սերժ Սարգսյանն իր նախորդի տխրադեմ շարունակությունն է». Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազատության հրապարակում (տեսանյութ)

«5 տարի է անցել 2008 թ. մարտի մեկից, հենց այդ օրն էր, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տանկերով օկուպացրին Հայաստանի ու հայության մայրաքաղաք Երևանը»,- այսօր Ազատության հրապարակում ասաց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը` հիշելով Մարտի մեկի զոհերին և առաջարկելով ծափահարել նրանց, քանի որ, ըստ նրա, «Մարտի մեկը սգի օր չէ, որովհետև նրանք զոհվեցին, որ ապրելու, պայքարելու, հաղթելու հնարավորություն ունենա ՀՀ հպարտ քաղաքացին»:

Շարունակելով՝ Փաշինյանը հիշեց դեկտեմբեր ամսին ՀՀԿ 15-րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի արած արտահայտությունը` «սա նոր Հայաստանն է, և վե՛րջ», նշելով՝ «բայց հետընտրական ընդամենը 10 օրը բավարար էր, որպեսզի ակնհայտ լինի` Սերժ Սարգսյանն իր նախորդի տխրադեմ շարունակությունն է»:

Որպես իր խոսքերի հիմնավորում` Ն.Փաշինյանը հիշեցրեց մի քանի օր առաջ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի առջև դասադուլավոր ակտիվիստների և ԵՊՀ ուսխորհրդի ղեկավարների ու ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպը:

«Համացանցում հայտնված նյութից բացահայտվում է, որ ԵՊՀ-ի հանրապետական ռեկտորի հանրապետական օգնականը քաղաքացիական պայքարի ելած ուսանողների և երիտասարդների դեմ մարտի է կանչում, ինչպես ինքն է ասում, ախալքալաքցիների զորքին: Սա ամոթալի և աղետալի փաստ է: Սերժ Սարգսյանի համար դեռ բավարար չէ, որ ինքն ու Ռոբերտ Քոչարյանը խաղացել են Լեռնային Ղարաբաղի հերոսական ժողովրդի պայծառ անվան հետ, հիմա էլ Ջավախքի հերոսական ժողովրդին են ուզում ներկայացնել քաղաքական ու անձնական շահերի համար: Սա՞ է ձեր նոր Հայաստանը, երբ հայ ժողովրդի տարբեր հատվածների իրար դեմ եք հանում` «բաժանիր, որ տիրես» մաքիավելիական սկզբունքը կոչելու համար: Մենք այլևս թույլ չենք տալու սա, թույլ չենք տալու, որ մեզ բաժանեք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, ախալքալաքցիների, մենք միասնական ժողովուրդ ենք, և վե՛րջ, մեր ընդհանուր հայրենիքը Հայաստանն է, և վե՛րջ: Ես, որ ծնվել ու դպրոցն ավարտել եմ Իջևանում, իջևանցի եմ նույնքան, որքան երևանցի, երևանցի եմ նույնքան, որքան ղարաբաղցի, ղարաբաղցի եմ նույնքան, որքան գորիսեցի, գորիսեցի եմ նույնքան, որքան ախալքալաքցի…» ,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս