«Իմ կյանքի գնով հայ ժողովուրդը մինչ ապրիլի 9-ը տոնելու է իր հաղթանակը». Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավքն Ազատության հրապարակում շարունակվում է: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ անընդհատ խոսվում էր այն մասին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չէր սպասում այդքան ձայներ ստանալ: Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց սկզբից հավատացել է, որ այդքան ձայն հավաքելը հնարավոր է: Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ընտրակաշառք սկսեց բաժանվել այն ժամանակ, երբ տեսան Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի ընթացքը:
Արմեն Մարտիրոսյանը հիշատակեց նաև ձայնագողությունը: Ըստ նրա՝ ընտրատեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանի հաստ տրցակները գողացվել և միացվել են Սերժ Սարգսյանի ձայներին: Որոշ դեպքերում էլ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները անվավեր են ճանաչվել: Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ այսօր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նոր, միջանկյալ զեկույցում նշվել է, որ այն տեղամասերում, որտեղ մասնակցությունը բարձր է եղել, ձայների մեծամասնությունը տրվել է Սերժ Սարգսյանին, ինչն անկնհայտ ապացուցում է լցնումների փաստը:
Այդուհետ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը վաղը նամակ է ուղարկելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրանց հրավիրելու է Ազատության հրապարակ. «Թող գան, ժողովրդին տան իրենց ինքնաբացարկը»:
Նա նաև ասաց, որ այս երեքի՝ իրեն հրավիրելու դեպքում ինքը կգնա նրանց մոտ, քանի որ հետայսու ՀՀ պետական բոլոր գրասեյակները պատկանում են ժողովրդին: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ «Ժառանգություն» կուսակցությունն այլևս չկա, այն միաձուլվել է ժողովրդի հետ:
«Իմ կյանքի գնով հայ ժողովուրդը մինչ ապրիլի 9-ը տոնելու է իր հաղթանակը»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը: