
«Լավագույն տարբերակը երկխոսությունն է, փոխընմբռնումը, ինչո՞ւ չէ՝ նաև փոխզիջումը». Շիրակ Թորոսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը համոզված է, որ նախագահ Սերժ Սարգսյանը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ երկխոսելու ցանկություն ունի: Թե ինչի՞ շուրջ պետք է լինի երկխոսությունը, Շիրակ Թորոսյանը զերծ է մնում մեկնաբանություններից:
– Պարոն Թորոսյան, ո՞րն է Ձեզ համար հետընտրական իրավիճակի ընդունելի լուծումը:
– Ինձ համար և բոլոր նորմալ մարդկանց համար ցանկալի լուծումը կայունությունն է, երկրի խաղաղությունն է:
– Իսկ ի՞նչ պետք է անի ընտրություններից հետո նախագահի այն թեկնածուն, ով ապացույցներ ունի ընտրակեղծիքների մասին և համաձայն չէ ընտրությունների արդյունքի հետ:
– Թեկնածուն ինքը պետք է որոշի, թե ինչպե՞ս իրեն պահի, ես հարգում եմ բոլորի վարքագիծն ու տեսակետները, բայց միևնույն ժամանակ՝ կան նաև միջազգային դիտորդների կարծիքներն ու տեսակետները, և կարծում եմ, որ հաշվի պետք է առնվեն նաև սրանք:
– Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած պայքարն ի՞նչ հանգուցալուծման կբերի:
– Անկեղծ ասած, դժվարանում եմ ասել` ինչի՞ կբերի, որովհետև ես չգիտեմ` Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ ճանապարհով է ուզում առաջ շարժվել, դա ինքը գիտի, բայց ուզում եմ ասել, որ հարգում եմ դեմոկրատիայի ցանկացած դրսևորում: Ես պարզապես կցանկանայի, որ երկիրը լիներ կայուն, խաղաղ, հանդարտ, և մենք որևէ ներքին մարտահրավերների չբախվեինք:
– Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև երկխոսության հիմքեր տեսնո՞ւմ եք:
– Լավագույն տարբերակն, իհարկե, երկխոսությունն է, փոխըմբռնումը, ինչո՞ւ չէ՝ նաև փոխզիջումը, և կարծում եմ, որ այդ լավագույն տարբերակը մեր գործիչները բաց չեն թողնի իրենց ձեռքից:
– Սերժ Սարգսյանի կողմից նման քայլի պատրաստակամություն տեսնո՞ւմ եք:
– Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է խոսել, քննարկել, բանավիճել, և կարծում եմ, որ մենք դրա ականատեսը եղել ենք:
– Պատրաստակամությունն ինչպե՞ս է արտահայտվել մինչ այժմ:
– Այդպիսի փորձ արդեն կատարվել է, նրանք հանդիպել են, խոսել են, քննարկել են:
– Բայց այդ հանդիպումը, որքան հայտնի է, որևէ արդյունք չի տվել:
– Արդյունքը կարող է անմիջապես չտա, բայց ընթացքում գուցե և տա, եթե շարունակվի երկխոսությունը:
– Ո՞րը պետք է լինի երկխոսության թեման:
– Երկխոսության թեման երկխոսողները կորոշեն: Օրակարգ կմշակեն կողմերը, առաջարկ կներկայացնեն, մենք չենք կարող ասել, թե ո՞րը պետք է լինի երկխոսության թեման:
– Եթե երկխոսություն չլինի իշխանության ցանկության բացակայության պարագայում, այդ դեպքում ի՞նչ սցենար կլինի:
– Երկխոսության ցանկություն իշխանության մոտ կա, եթե չլիներ՝ այդ ժամանակ կասեինք՝ եթե չլիներ, ինչ կանեինք, բայց այսօր այն կա:
– Այսինքն` Դուք հավանական համարո՞ւմ եք այդ տարբերակը:
– Ես կարծում եմ` լավագույն տարբերակը երկխոսությունն է, և կրկնում եմ, կարծում եմ՝ մեր գործիչներն այդ հնարավորությունը բաց չեն թողնի: