«Բեյսիկ Հաուզ», «Ռուժ» և այլ խանութներում զեղչերը չեն համապատասխանում իրականությանը. ՏՄՊՊՀ
Հայաստանի սպառողական շուկայում համատարած բնույթ ունեն ոչ ճիշտ զեղչային գովազդները: Ինչպես հաղորդում է News.am-ը, այդ մասին այսօր՝ մարտի 2-ին Ծաղկաձորում ընթացող սեմինարի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանը: Լայն տարածում ունեն հետևյալ դեպքերը. դրսի ապակու վրա նշվում է մեկ այլ զեղչ, ներսում փակցվում է այլ զեղչ:
Այսպես՝ «Բեյսիկ Հաուզ» խանութի ապակու վրա դրսից փակցված է 70% զեղչ, սրահի ներսում՝ 50% զեղչ: ՏՄՊՊՀ դիտարկմամբ՝ մի շարք ապրանքներ ընդհանրապես զեղչված չեն:
«Ռուժ» օծանելիքի խանութում ապակու վրա նշված է 10% զեղչ, սակայն մի շարք ապրանքների վրա զեղչեր փաստացի չեն կիրառվում, իսկ մի շարք ապրանքներ էլ գնապիտակներ չունեն, հետևաբար՝ հնարավոր չէ որոշել՝ զեղչ կա՞, թե՞ ոչ;
«Ռենեսանս» խանութում դրսից նշված է 70% զեղչ, ներսում կոշիկները զեղչված են 30%-ով, իսկ նոր տեսականին ընդհանրապես զեղչված չէ:
Ըստ ՏՄՊՊՀ իրավաբանի՝ ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է իրականացնելու, արդյունքում՝ վարչաական ակտ է կայացնելու:
Եվրամիության փորձագետ Կուրտ Շտոքմանը նշեց, որ մրցակցային մարմինը Գերմանիայում միայն այն ժամանակ է զբաղվում զեղչերի հարցով, երբ շուկայում կա գերիշխող դիրք գրավող։