Ջոն Քերին հանդիպել է Թուրքիայի ղեկավարության հետ
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ`ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերին երեկ այցելել է Թուրքիա: Քերին նախ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ, ինչից հետո նրան ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանը:
Հանդիպումը տևել է 2 ժամ և 15 րոպե: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների հարցը: Բացի այդ, նրանց ուշադրության կենտրոնում են եղել մերձավորարևելյան զարգացումները և մասնավորապես Սիրիայի հարցը:
Ջոն Քերիին երեկ Չանքայա նախագահական նստավայրում ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Վերջինս ընդգծել է, որ այն ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում ծավալվել են ճգնաժամային իրադարձություններ, Քերիի թուրքական այցը շատ տեղին ու ժամանակին է:
Քերին Թուրքիայում քննարկել է նաև սիոնիզմի վերաբերյալ էրդողանի աղմկահարույց հայտարարությունը: