Նորզելանդական ավիաընկերության օդաչուն քնել է թռիչքի ժամանակ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նոր Զելանդիայի Air New Zealand ավիաընկերության օդաչուներից մեկը քնել է աշխատավայրում: Այս մասին նշված է ավիաընկերության տարածած այսօրվա հայտարարությունում:
Դրանում նաև ասվում է, որ ուղևորների անվտանգությանը ոչինչ չի սպառնացել, քանի որ թռիչքի ժամանակ իրավիճակը վերահսկել է երկրորդ օդաչուն: Թռիչքի ժամանակ քնած օդաչուն գրանցված միջադեպի մասին պատմել է կամավոր: Նա բողոքել է թռիչքի նախօրեին Լոնդոնի հյուրանոցում իրեն տրված համարների վատ պայմաններից՝ ընդգծելով, որ օդափոխման համակարգի խնդիրների պատճառով ստիպված է եղել գիշերը փոխել երեք համար:
Օդաչուն, որի անունը չի նշվում, խոստովանել է, որ թռիչքի ժամանակ երկու անգամ քնել է և երկու դեպքում էլ իր քունը տևել է մոտ մեկ րոպե: Ավիաընկերությունը հայտարարել է, որ խստապես չի պատժելու օդաչուին, քանի որ ղեկավարությունը չի ցանկանում, որ իր աշխատակիցները դադարեն նմանատիպ միջադեպերի մասին կամավոր զեկուցել: