
Օջալանը PKK-ականներին հրահանգել է լքել Թուրքիայի տարածքը

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը PKK-ականներին հրահանգել է մարտի վերջից (մարտի 21, Նովրուզ) լքել Թուրքիայի տարածքը, ինչը պետք է ավարտվի օգոստոսին:
Օջալանն այդ կապակցությամբ պատրաստել է երեք նամակ, որոնք ուղարկվել են Ղանդիլում (Հյուսիսային Իրաք) գտնվող PKK-ի ղեկավարությանը, քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությանը (ԽԺԿ) և Եվրոպայում PKK-ի թևին: Նամակում շեշտադրում է արվում «Քրդական հարցը» խաղաղ ճանապարհով կարգավորելու «ճանապարհային քարտեզի» վրա:
Նամակում նաև նշված է, որ պետք է ապահովվեն իրավաբանական երաշխիքները և բոլոր պայմանները, որպեսզի PKK-ականները կարողանան անարգել լքել Թուրքիայի տարածքը: Օջալանը նաև տալիս 5-10 օր ժամկետ՝ իր կոչին պատասխան տալու համար՝ ընդգծելով, որ պատասխանները պետք է ստացվեն մինչև քրդերի կողմից լայնորեն նշվող Նովրուզ:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վերջին 30 տարում (PKK-ի ակտիվ զինված պայքարը Թուրքիայում մեկնարկել է 1984 թվականին) ահաբեկչության դեմ պայքարում ծախսել է 400 միլիարդ դոլար: